Արցախում քննարկել են զորակոչի խնդիրները

Արցախում քննարկել են զորակոչի խնդիրները

Դեկտեմբերի 18-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:



ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:



Խորհրդակցությունը բացել է և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդեց հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության ենթարկվեցին ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքները, շեշտվեցին արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվեց գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը:



Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաև զորամասերում և ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակը:



Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունը հրավիրել է նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ: