Նոր ավանդույթ ձեւավորենք

Նոր ավանդույթ ձեւավորենք

Ամանորը հայերիս համար սուրբ տոն է: Եթե ողջ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը եւ տարեմուտը նշանավորում է առավելապես նվերներով, ամանորյա զարդարանքով, տոնական տրամադրությամբ, ապա մենք՝ հայերս, ճոխ սեղանների, կուշտ ուտել-խմելու, միմյանց այցելելու ավանդույթին ենք հավատարիմ: Թերեւս աշխարհի ոչ մի երկրում ամանորյա սեղան գցելու համար մարդիկ վարկեր չեն վերցնում, սեղանին դնում են այն, ինչ ունեն եւ ինչքան ունեն: Թերեւս ոչ մի երկրում այնքան սննդամթերք չեն թափում տոներից հետո եւ այնքան շատ ստամոքսի խանգարումներ չեն ստանում, ինչքան մենք՝ հայերս: Այս տարի, սակայն, իրավիճակը փոքր-ինչ այլ է. դրամ-դոլար շոկից դեռ ուշքի չեկած հայ սպառողն ամեն օր արձանագրում է լայն սպառման ապրանքների գների աճը, եւ նրա դեպրեսիան ավելի է խորանում Ամանորի սեղան գցելու հեռանկարից: Եթե նախկինում այս օրերին արդեն հայ ժողովուրդը Նոր տարվա ուտելիքներ գնելու մրցավազքի մեջ էր լինում, ապա այս տարի կարծես այդ կիրքը փոքր-ինչ նվազել է: Անգամ «առանց բդի Նոր տարի» անելու կոչեր են հնչում, եւ մարդիկ ավելի ու ավելի շատ են գիտակցում մի քանի օրվա սննդային «վակխանալիայի» անիմաստությունը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ խոհարարները նոր՝ առավել մատչելի ու ոչ թանկ ճաշատեսակների բաղադրատոմսեր ներկայացնեն հանրությանը: Հոգեբանները հորդորեն հոգու պահանջները բավարարել, այլ ոչ թե մարմնի նկատմամբ «ինկվիզիցիա» կիրառել: Տարեցներն ու իմաստունները հասկացնեն երիտասարդներին ու անփորձներին, որ սեղանի ճոխությամբ մրցելը հոգու աղքատության մասին է վկայում: Եվ տոնը շնչահեղձության աստիճան ուտելը չէ, այլ տոնական տրամադրություն ստեղծելը, հարազատներիդ նկատմամբ ուշադրություն ու հոգատարություն դրսեւորելը: Եկեք 2015-ի շեմին նոր ավանդույթ ձեւավորենք: