2014-ը՝ հայկական կինոյում և թատրոնում

2014-ը՝ հայկական կինոյում և թատրոնում

Թե ինչպիսին էր անցնող՝ 2014 թվականն իր հաջողություններով եւ թերացումներով հանդերձ, հատկապես մշակութային ոլորտի համար, խնդրեցինք տարին ամփոփել հենց իրենց՝ մշակութային տարբեր ոլորտների պատասխանատուներին:



Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի կարծիքով, տարին բարենպաստ էր կինոյի համար. «Բավականին քանակությամբ ֆիլմեր նկարահանվեցին Հայաստանում, եւ ես նկատի չունեմ միայն Կինոկենտրոնի աջակցությամբ ֆիլմերը, այլ նաեւ պետական եւ ոչ պետական աջակցությամբ ֆիլմեր, որոնք հիմա կինոթատրոններում գնում են: Դեռ որակի մասով չեմ խոսում, այլ միայն քանակային մասով, ինչը նույնպես շատ գովելի է եւ արդեն լավ նշան է: Դա նաեւ գալիք որակով ֆիլմերի համար լավ նախադրյալ է ստեղծում, այդ քանակի մեջ կամաց-կամաց նաեւ որակն է ձեւավորվում, եւ եթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, որակական արժեքները գնալով շատանում են եւ արժեւորվում կինոնկարներում:



Այս տարի արտադրության մեջ գտնվող բավականին ֆիլմեր ավարտվեցին, որոնցից էին Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակներ բերեց, Արամ Շահբազյանի «Մոսկվիչ», Արմեն Սիմոնյանի «Կյանքի պատուհան», Արմեն Ռոնովի «Քաջ Նազար» ֆիլմերը: Հիմա արտադրության մեջ են էլի շատ ֆիլմեր. Ալբերտ Մկրտչյանը Սոս Սարգսյանի վիպակի հիման վրա ֆիլմ է նկարում, Վիգեն Չալդրանյանը նկարում է «Վարդապետի լռությունը» ֆիլմը՝ Ցեղասպանությանը նվիրված, այսինքն, արդեն կան շատ ֆիլմեր, որ հաջորդ տարի կավարտվեն եւ արդեն ունեն բարձր գնահատական:



Կարծում եմ՝ հաջողված ֆիլմեր կլինեն «Հիշատակի պատը» կամ «Փրկության քարտեզ» ֆիլմը՝ «Ման փիքչերս ստուդիայի» հետ, «Մեռած հոգիները»՝ «Բարս մեդիայի հետ, «Մի խելագարի պատմությունը»՝ Ռոբեր Գետիկյանի հետ: Նախադրյալները շատ են, որ հաջորդ տարի մենք ավելի շատ հաջողություն կունենանք ֆիլմերի արտադրության ասպարեզում, հատկապես ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի դեպքում:



Կարեւոր էր նաեւ «Հայակ» կինոյի մրցանակաբաշխությունը, որը նորամուծություններ մտցրեց իր գործունեության մեջ եւ, ֆիլմերն արժեւորելուց բացի, հատուկ մրցանակներով արժեւորեց նաեւ մեր մեծերին համաշխարհային կինոյում իրենց ներդրման համար, որոնցից մեկը Շառլ Ազնավուրն էր, որը հրավիրվեց ու մրցանակ ստացավ: Սա մի հարթակ է, որի միջոցով արժեւորվում են մեր անվանի կինոգործիչները:



Շատ կարեւորում եմ, որ Հայաստանը կարողացավ ինտեգրվել միջազգային շատ կառույցներում, այս տարի նաեւ «Եվրիմաժի» անդամ ենք դառնում, որը մեծ հնարավորություններ կընձեռի հայկական պրոյեկտները տարբեր երկրների հետ համատեղ սկզբունքով արտադրելու, մեծ ֆինանսավորումներ ստանալու համար: Մենք մեր թեմաներով, ֆիլմերով արդեն հետաքրքիր ենք եվրոպական շատ կառույցների:



Մեր աշխուժությունը, համատեղ արտադրության չափերը նկատվում են Կաննի ամենամյա մեր տաղավարում: Հայկական կինոն կամաց-կամաց սկսում է հետաքրքրել ոչ միայն հայերին»:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի գնահատմամբ, 2014-ին թատրոնները շարունակում էին դինամիկ եւ հետաքրքիր աշխատել. «Վերջին շրջանում փորձում էինք ավելի ուշադրության կենտրոնում պահել մարզային թատրոնները:



Պետք է ասեմ, որ լուրջ դրական տեղաշարժեր նկատեցի Կապանի թատրոնում: Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի հեռակա դերասանական կուրսն ավարտում է, շատ լավ երեխաներ են, եւ նրանց մոտ մի լավ ներկայացում նայեցի, ինչը միանշանակ նոր շունչ էր, եւ, ամենակարեւորը՝ այդ երիտասարդներն ուզում էին մնալ թատրոնում, շարունակել աշխատել Կապանի թատրոնում, ինչը լավ երեւույթ է:



Բավականին հետաքրքիր աշխատեցին նաեւ մեր Գյումրիի եւ Վանաձորի թատրոնները, Գյումրիում՝ Լյուդվիգ Հարությունյանը, ով վերջերս նշանակվեց թատրոնի գլխավոր ռեժիսոր. շատ հետաքրքիր է աշխատում: Ես նրա վերջին ներկայացումը տեսա՝ «Սեր, ջազ, սատանա»: Ի դեպ, նրա մասին մենք սկսել էինք խոսել դեռ 6-7 տարի առաջ, երբ նա բեմադրել էր «Շինելը»: Դեռ այդ ժամանակ ես հասկացա, որ բավականին լուրջ, հետաքրքիր երիտասարդի հետ գործ ունենք: Շատ կարեւոր է, որ նա գյումրեցի է, ամբողջ հոգով կապված է թատրոնին, եւ թատրոնն էլ նվեր ստացավ հետաքրքիր տեղացի բեմադրիչի:



Երեւանյան թատրոններից նշեմ՝ Պարոնյանի անվան թատրոնը, Սունդուկյանի անվան թատրոնը, նաեւ Ռուսական դրամատիկական թատրոնը, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ բավականին հետաքրքիր ներկայացումներ ունեցանք: Թատրոնները շարունակում են լուրջ աշխատել, թատրոններում բավականին հետաքրքիր սերնդափոխություն է տեղի ունենում, շատ տաղանդավոր երիտասարդներ են մուտք գործում թատրոններ:



Այնպես որ, տարին բավականին բեղմնավոր կարելի է համարել: Բացի այդ, այս տարի մենք անցկացրինք Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսը, եւ այդ կոնգրեսը բարձրացրեց Հայաստանի թե քաղաքական հեղինակությունը եւ թե թույլ տվեց, որ մոտ 300 պատվիրակ 3 օր ներկայացումներ դիտեն Երեւանում: Պետք է ասեմ, որ իրենց նախաձեռնությամբ էին դիտում ներկայացումներ ու շատ լավ տպավորություններով հեռանում:



Թատրոնը կոնկրետ երեւույթ չէ, որ ամեն ինչ լավ լինի կամ ամեն ինչ վատ լինի: Լինում են եւ ձեռքբերումներ, եւ բացթողումներ, ամեն ինչ հնարավոր է: Մեր թատրոններում լինում են եւ հաջողություններ, եւ լինում են ներկայացումներ, որ ցանկալի էր ավելի լավը լիներ, այդուհանդերձ, թատրոնները դինամիկ աշխատում են, եւ բավականին ակտիվ աշխատում է երիտասարդությունը: Սա ամենակարեւոր հանգամանքն է բոլոր թատրոններում:
Ինչ վերաբերում է «Թատրոնի մասին» օրենքին, ապա, որպես այդպիսին, այն չի քննարկվում արդեն մի քանի տարի է:



Կան թատերական գործիչներ, որ գտնում են, թե օրենքը պետք չէ, ես անձամբ գտնում եմ, որ օրենքն օդի պես անհրաժեշտ է, որովհետեւ միայն ֆինանսական հարցերը չէ, որ օրենքը պետք է վեր հանի, ամենակարեւոր հարցը թատրոնի կառավարման հարցն է, գեղարվեստական ղեկավարի լիազորությունների, նրա անձեռնմխելիության հարցն է, եւ, ամենակարեւորը՝ թատրոնները պետք է տարբերվեն այլ տիպի ՊՈԱԿ-ներից: Որովհետեւ նույն օրենսդրությամբ չեն կարող ղեկավարվել թատրոնը եւ մի կազմակերպություն, որ իր սկզբունքներով կապ չունի թատրոնի հետ: Վրացիներն անցած տարի արդեն ընդունեցին օրենք, ինչը մենք կարող ենք հիմք դարձնել եւ մտածել Հայաստանում էլ թատրոնի վերաբերյալ օրենք ընդունելու մասին»: