ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչի վաստակը` անտարբերությո՞ւն

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչի վաստակը` անտարբերությո՞ւն

Գուսան Հայկազունուն /Գագիկ Նազարյանին/ ողջ հայությունն է ճանաչում և Հայաստանում և Հայաստանից դուրս։
Գուսանի անձը ճանաչելուց առաջ, բոլորը գիտեին նրա երգերը, երգեր, որոնք ծնվել են ազգային ազատագրական պայքարի տարիներին և իրենց հաղթարշավը շարունակում են այսօր ու յուրաքանչյուր օր` համալրվում նորանոր ոգեշունչ երգերով.
«Հայեր, միացեք», «Հպարտ գնացեք», «Գետաշեն»,«Պիտի գնանք` վաղ թե ուշ», «Ել, Կիլիկիա» ,«Քաջ Անդրանիկ», «Վեր կաց, Շահեն», «Մոնթե Մելքոնյան» և բազմաթիվ հայրենաշունչ երգեր, որոնք ամփոփված են ոչ միայն նրա հրատարակած մի շարք գրքերում, այլ ամեն օր հնչում են բեմահարթակներից, հեռուստաէկրաններից, ռադիոյով, բուհական և դպրոցական միջոցառումների ժամանակ, ռեստորաններում, ընտանեկան խնջույքներում և այդ երգերը կատարում են անվանի երգիչներից սկսած` մինչ մանկապարտեզի սաները:



Տասնյակների հասնող նրա գրած զինվորական քայլերգերը` Հայաստանի և Արցախի զորամասերում ծառայող զինվորների շուրթերից անբաժան են:
Եվ, փա~ռք աստծո, որ երկրիս իշխանավորները, գոնե երգահան Գուսանի ակնառու վաստակը գնահատելով, նրան արժանացրել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:



Գուսան Հայկազունը` Արտաշատի կամավորական ջոկատի շարքերում մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին: Նրա հզոր երգերը մի քանի հրետանու դեր կատարելով` ոգեշնչել են մարտիկներին: Չէ որ երգը` հաճախ զենքից կարևոր դեր ունի, այն զինվորին ոգի է տալիս և մղում պայքարի:
Գուսան Հայկազունը մի քանի տարի է ինչ ստեղծել է «Հայկազունք» ժողովրդագուսանական համույթը և մեծամասշտաբ բարեգործական համերգային գործունեություն է ծավալում Հայաստանի մարզերում ու հեռավոր գյուղերում, Արցախում։ 
Պատվաբեր պետական կոչմանն արժանացած Գուսան Հայկազունն այսօր գամվել է անկողնուն և ունի լուրջ առողջական խնդիրներ… / նրա վիրահատության ծախսերը հոգացել է «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը:
Այսօր Գուսանին անհրաժեշտ է շարունակական բուժում` քիմիաթերապիա, որը ծախսատար պրոցես է: Նա օգնության խնդրանքով դիմել է առողջապահության նախարարությանը և արժանացել մերժման:
Գուսանը ԵԿՄ անդամ է, ազատամարտիկ…
Այսօր նա Խարբերթի ամառանոցին կիսաշեն ու խոնավ, բետոնապատ- գետնահատակ իր տնակում` սպասում է օգնության…
Լրատվական կայքերն ամեն օր տեղեկացնում են այդ մասին, ներկայացնելով հաշվեհամարներ` օգնության ակնկալիքով…
Իսկ ու՞ր են երկրիս իշխանավորները` Գուսան Հայկազունուն ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում շնորհող մարդիկ։
Ու՞ր են այսօր այն բարգործ-բարերար, առատաձեռն ներկայացող մարդիկ, որ հեռուստաէկրանների առաջ` ընծաներ են տալիս, նվիրում, ծրարներ են հանձնում ու խոստանում..․
Պատճառը գուցե օպերատորներների տեսախցիկների բացակայությունն է…
Որտեղ են երկրիս բարերաները հիմա:
Մի երկրում, երբ վաստակ ունեցող արվեստագետը ծառայելով իր հայրենիքին ու ժողովրդին և
«վայելելով» ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումն, տկարության դեպքում` մատնվում է անտարբերության ու անուշադրության, էլ ի՞նչ արժեք ունեն այդ կոչումն ու նրան տրված փայլփլուն մեդալները…
Մի խումբ արվեստակից ընկերներ ջանում են օգնել Գուսանին` կազմակերպելով համերգ, որպեսզի ինչ որ չափով օգնեն նրան: Համերգը կկայանա փետրվարի 26-ին, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում:
Հ.Գ. Թե Գուսանին օգնեն, էլի մեր ժողովուրդը պիտի օգնի: Չէ՞ որ նա ամենից առաջ` ժողովրդի Գուսանն է: Օգնենք ու ոտքի կանգնեցնենք հայ մշակույթի երախտավորին` Գուսան Հայկազունուն:



Գոհար Գարուն
Գրող, հրապարակախոս