Ժողովուրդը որակյալի կարիք ունի

Ժողովուրդը որակյալի կարիք ունի

Ժամանակակից գրող, nyut.am կայքի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ հայ արվեստագետների խոսքը ժողովրդի համար դարձել է անլսելի: Այս համոզմունքն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի ստեղծվի նոր մշակութային ամբիոն՝ ակումբ, որտեղ հյուրընկալվող մշակութային գործիչների ասելիքը տեղ կհասնի մարդկանց: Երեկ «Նյութ» մամուլի ակումբում առաջին ասուլիս-քննարկումն էր: Եվ չնայած այն չի կարելի համարել մշակութային իրադարձություն, այնուամենայնիվ, Աշոտ Աղաբաբյանը տեղեկացրեց, որ ակումբը շատ շուտով վերածվելու է մշակութային օջախի. «Բնականաբար, ինչպես մնացած բոլոր մամուլի ակումբները, տարբեր ոլորտների ասուլիսներ են լինելու՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ մշակութային:



Բայց թեքումով մշակութային օջախ ենք ուզում դարձնել, հենց առաջին օրվանից: Այստեղ մշտապես լինելու է գեղանկարների ցուցահանդես-վաճառք: Հիմա արդեն ցուցադրվում են ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի՝ Թաթոսի գործերը, Հաղթանակ Շահումյանի ստեղծագործությունները: Այժմ արդեն վավերագրողը կարող է չսպասել երկար ժամանակ ինչ-որ փառատոների, որպեսզի իր ֆիլմը ցուցադրվի: Մենք այստեղ ցուցադրելու ենք նոր ֆիլմեր, նեղ մասնագետների ներկայությամբ քննարկումներ կլինեն, գրքերի շնորհանդեսներ, մշակութային իրադարձություններ»: Գրողի խոսքով, մշակութային օջախը յուրաքանչյուր արվեստագետի եւ ստեղծագործող անհատի հնարավորություն է տալիս ներկայացնել իր աշխատանքները. «Բաց է բոլորի համար: Միշտ էլ քաղաքականությունն առաջին պլան է մղվում եւ ստվեր գցում մշակույթի վրա:



Մշակույթի մարդիկ լրատվամիջոցներին, ցավոք, շատ չեն հետաքրքրում: Բայց այդ ոչինչ չի նշանակում, նրանք իրենց գործն անում են հրաշալի, նրանց ամբիոն տալ է պետք եւ ներկայացնել է պետք: Սա պարզապես ամբիոն է մշակույթի մարդու համար»: Աշոտ Աղաբաբյանը մեղավորներ չի փնտրում, մատնանշում է բոլորիս. «Մենք ենք մեղավոր, որ երիտասարդությունն այսօր չի ճանաչում ժամանակից ստեղծագործողներին: Մենք սերիալ ենք ցուցադրում գիշեր-ցերեկ, ռաբիս համերգներ ենք տալիս, հետո խոսում ենք պահանջարկի մասին: Պահանջարկը դիտողը չի թելադրում, այլ տվյալ կառույցների ղեկավարները, ցավոք: Եթե այսինչ հեռուստատեսությունը գտնում է, որ ժողովուրդը սրա կարիքն ունի, այդ ինքն ունի դրա կարիքը: Ժողովուրդն ավելի որակյալի կարիքն ունի, ոչ թե սերիալների եւ կլկլոցների: Իհարկե, սա գալիս է երկրի ղեկավարության, իշխանությունների մոտեցումներից: Չկա կոնցեպցիա կոչվածը»: