Ոստիկանի նախկինը չի լինում

Ոստիկանի նախկինը չի լինում

Ես չեմ զարմանա, որ լրագրողների սիրելի Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում մեկ էլ գրի. ««Բազազ» անունով ոստիկան չկա: Չի եղել… Չգիտեի՞ք: Բա ո՞ւր են նայում ձեր խմբագիրներն ու լաբորատորիայի վարիչները…»: Ափսոս, ես նրա նման չեմ կարողանում գրել` դաստիարակչական այդ ոճով:



Նա մեզ սովորեցնում է` չկա ՃՈ Երևանի պետի պաշտոն, այլ կա ՃՈ 1-ին գումարտակի հրամանատարի պաշտոն` ակնարկելով, որ մենք սխալ-մխալ բաներ ենք գրում, երբ հայտարարում ենք, որ ՃՈ Երևանի պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Ենթադրենք` պաշտոնը այնպես չի կոչվում, ինչպես գրել ենք: Իսկ ո՞վ է ՃՈ 1-ին գումարտակի հրամանատարը, եթե ոչ` Երևանի ԳԱԻ-ի պետը: Ուրեմն, որ մենք ասում ենք` լուսին ու չենք նշում այդ երկնային մարմնի բաղադրամասերը, շա՞տ մեծ սխալ ենք գործում:



Հարգելի Ռոբերտ Մելքոնյան, եկեք առաջն պատահած տասը ճանապարհային ոստիկանի հարցնենք, թե ով է, ենթադրենք, ՃՈ 5-րդ գումարտակի պետը: Երևի 10 ոստիկանից 9-ը չիմանա: Բայց, վստահ ենք, որ 10-ից առնվազն 9-ը ճիշտ պատասխան կտա, եթե հարցը փոխենք այսպես` ո՞վ է ՃՈ Հրազդանի պետը, Սևանի պետը, Վանաձորի պետը:



Դե հիմա` մենք էլ ձեր շարքային ոստիկանների նման ամեն մանրուքի ու մանրամասնության չենք տիրապետում, մանավանդ որ մի քիչ էլ վախենում ենք պետական գաղտնիք հայտնելուց: Պագոնով մարդիկ եք, ի վերջո, մի բան այնպես չասենք ու… դե արի, հետո ապացուցիր, որ դու ուղտ չես:



Ամեն դեպքում` շնորհակալ ենք մեզ լուսավորելու համար:



Էդիկ Անդրեասյան