Վրաստանում ՀՀ դեսպանատան ճակատագիրն անորոշ է

Վրաստանում ՀՀ դեսպանատան ճակատագիրն անորոշ է

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը դեռ ԽՍՀՄ տարիներից նույնն է՝ մի փոքրիկ շենք, որը տարիների հետ մաշվել է եւ հիմա ուղղակի խիստ անմխիթար ու նույնիսկ ամոթալի վիճակում է գտնվում: Ամոթալի, քանզի մեր ամենամոտ հարեւան-բարեկամ երկրում Հայաստանը պետք է որ ունենար պատշաճ պայմաններով դեսպանատուն: Մինչդեռ մեր բարեկամ երկրում մեր հակառակորդ հարեւանի՝ Ադրբեջանի դեսպանատունը, օրինակ, շքեղ կառույց է եւ տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում: Դեսպանատան շենքի հարցը թեեւ տարիներ շարունակ օրակարգային է եղել, սակայն դրանով հատկապես ակտիվորեն սկսել է զբաղվել դեսպան Յուրի Վարդանյանը, որի զավեշտական պաշտոնավարման մասին մամուլը հաճախակի է գրում: Արդարության համար պետք է նշենք, որ, ասենք, ՀՀ արդարադատության ներկայիս նախարար, նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը երկու տարուց ավելի հանգիստ պաշտոնավարել է այդ խայտառակ շենքում, եւ մտքով չի անցել լուծել դեսպանատան շենքի հարցը:



Նախկին ծանրամարտիկն իր նշանակվելուց հետո դիմել է Վրաստանի իշխանություններին, խնդրելով դեսպանատան համար նոր շենք կամ տարածք հատկացնել՝ նոր դեսպանատուն կառուցելու համար: Գործընթացը ձգձգվում էր: Օրերս տեղեկացանք, որ Վրաստանի իշխանությունները վերջապես որոշել են տարածք հատկացնել Հայաստանի դեսպանատան կառուցման համար, սակայն, մեր տեղեկություններով, այդ տարածքը գտնվում է Թբիլիսիի արվարձաններում՝ քաղաքի լրիվ հակառակ կողմում, ոչ մարդաշատ մի վայրում: Այնպես որ, Թբիլիսի հասնելով՝ մոտ մեկ ժամ էլ պետք է գնաք, մինչեւ հասնեք ՀՀ դեսպանատուն: Թեպետ սա դեռ պաշտոնապես հաստատված փաստ չէ, բայց Վրաստանի իշխանությունների այս նախնական որոշումն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել դեսպանատան աշխատակիցների եւ վրացահայության մոտ:



Խնդրի կապակցությամբ հարցում ուղարկեցինք ՀՀ արտգործնախարարություն՝ պարզելու նախ գործող դեսպանատան շենքի չափերն ու պայմանները, ինչպես նաեւ իմանալու, թե ինչ փուլում է նոր դեսպանատուն հատկացնելու հարցը: ԱԳՆ-ից մեզ տվեցին հետեւյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության շենքը գտնվում է ք. Թբիլիսի, Թեթելաշվիլի փողոց 4 հասցեում: Դիվանագիտական ներկայացուցչության շենքը ՀՀ սեփականությունն է եւ զբաղեցնում է 257 քառակուսի մետր տարածք (բակը՝ 167 քմ): Վրաստանում ՀՀ դեսպանության նոր շենքի համար տարածք կամ շինություն հատկացնելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն վրացական կողմի հետ չկա»: Ուշադրություն դարձրեք, որ դեսպանատունը տեղավորված է 90 քմ բնակտարածքում, ինչը ծիծաղելի է ու ամոթալի:



Այս հարցով զրուցեցինք Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ, վրացահայ Սերգեյ Մինասյանի հետ: Նա թեպետ տեղյակ չէր նոր շենքի ու տարածքի հատկացման մասին, սակայն ասաց, որ Հայաստանը, որպես Վրաստանին բարեկամ եւ լավ հարաբերություններով սահմանակից երկիր, պետք է ունենա տվյալ երկրում պատշաճ պայմաններով ու հարմար վայրում դեսպանատուն: Իսկ եթե ՀՀ դեսպանատան նոր շենքի համար տարածք հատկացնեն Թբիլիսիի արվարձաններում՝ ոչ բարենպաստ վայրում, սա արդյոք հարեւան Վրաստանի կողմից վերաբերմունքի արտահայտում չի՞ դիտվի: Քաղաքագետն ասաց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ պայմաններով եւ ոնց է դա լինում, տարբեր տեղերում է լինում այդ դիվանագիտական տարածքների տրամադրումը, կարող է լինել փոխադարձ համաձայնությամբ, այսինքն՝ այդ դեպքում նաեւ Հայաստանը պիտի համարժեք վայրում Վրաստանին տարածք տրամադրի:



Այսինքն՝ ես պայմանները չգիտեմ, որ կոնկրետ ասեմ, թե դա ինչի արդյունք է՝ վատ աշխատանքի՞, թե՞ Վրաստանի կողմից լավ կամ վատ վերաբերմունքի… ինչքան որ ես գիտեմ, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը բացվել էր դեռ Սովետական Միության տարիներին, այն ժամանակ Հայաստանի ներկայացուցչությունն էր այդ շենքում, եւ Սովետի փլուզումից հետո ուղղակի ներկայացուցչության այդ շենքը դարձավ Հայաստանի դեսպանատուն, եւ հետագայում, ֆինանսական խնդիրների հետ կապված, այդ շենքը չի փոխվել, չնայած ես իսկապես կարծում եմ, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարեւոր են, եւ դեսպանատան հարցում էլ նույնպես ցանկալի կլիներ, որ դա լիներ համապատասխան վայրում եւ համապատասխան պայմաններով»:



Վրացական իրականությանը ծանոթ անձինք կարծում են, որ ՀՀ դեսպանությունը պետք է տեղակայվի Հավլաբարում՝ հայկական միջավայրում: Նախ, որ իր գործունեության հետ անմիջական առնչվող անձանց հետ շփումն ակտիվ ու դյուրին լինի, ապա նաեւ՝ հայկական միջավայրով պաշտպանված: Դեսպանատների մոտ ակցիաներ կազմակերպելն աշխարհում ընդունված ավանդույթ է, իսկ հայկական միջավայրում գտնվող դեսպանատան մոտ գալուց առաջ ցուցարարները հազար անգամ կչափեն-կձեւեն, նոր կգան: