«Սրբազան պայքարը» հանուն հայրենիքի է ու ընդդեմ մեր ժողովրդի թերությունների

 «Սրբազան պայքարը» հանուն հայրենիքի է ու ընդդեմ մեր ժողովրդի թերությունների

Հենց սկզբից ասեմ, որ հունիսի 17-ի ԱԺ-ի արտահերթ նիստը չի գումարվելու: Որի ընթացքում, հիշեցնեմ, պետք է ընդունվեր կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ուղերձը: Որովհետև այն, ինչ առաջարկվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից, ուշացած է: Այն է՝ քպական պատգամավորների հետ կապ հաստատելը: 2018-ին Նիկոլի կողմից պգտագործված այս մեթոդն օգուտ կտար, եթե այն կիրառվեր ոչ թե ընդամենը 1,5-2 օր, այլ շատ ավելի երկար և այլ գործողությունների հետ փոխկապակցված: Եվ այդ դեպքում շարժումը կարող էր ստիպել, որպեսզի ԱԺ քպական մեծամասնությունը ոչ միայն մասնակցեր արտահերթ նիստին՝ քվորում ապահովելով, այլև քվեարկեր ուղերձի օգտին: Սակայն որպես փորձառություն քպական պատգամավորների հետ կապ հաստատելը չի խանգարի: Ինչը կիջեցնի նրանց «պատգամավորական» բարձունքներից և որոշակիորեն կվերադարձնի իրական կյանք:     

Մեկ-երկու խոսք կապ հաստատելու մեխանիզմի մասին. այն պետք է նախապաստրաստված լիներ: Դրա համար պետք է աշխատեր կամավորների 10-15 հոգիանոց խումբ: Խմբի մեծ մասը պետք է սոցիալական ցանցերում փնտրեր քպականների էջերը, այնուհետև դուրս հաներ դրանց գրառումները և մեկնաբանությունները: Խմբի մմնացած անդամները պետք է պատրաստեին համապատասխան պատասխաններ՝ ինչպես ես կամ ուրիշներն են անում մեկ-մեկ: Ինչն այնուհետև կդրվեր շարժման ֆեյսբուքյան էջում ու կտարածվեր այդ աղբյուրից: Տարածումը հնարավոր է ավտոմատ դարձնել՝ ենթադրաբար դա բարդ ծրագիր չի լինի: Կարելի է նույնիսկ առանձին կայքէջ բացել՝ հաշվի առնելով ֆեյսբուքի սեփականատիրոջ առանձնակի սերը Նիկոլի և նրա իշխանության նկատմամբ: Հասկանալի է, որ սրբազանը կարող էր չիմանալ այս ամենը, սակայն նրա շրջապատը պետք է նրան ներկայացներ այդ մեխանիզմը: 

Նախորդ օրը սրբազանն ասել է, որ պետք է դիտարկել շարժումն այլ տարբերակով առաջ տանելու հնարավորությունը: Ասեմ, որ դա, ինչպես ասում են, վաղուց պետք է արվեր՝ նույնիսկ նախկին շարժումների ժամանակ: Բայց լավ է, որ, նախ, շարժումը դիմացավ 40 օր, և ապա, հաղթահարեց կրիտիկական պահը՝ հունիսի 12-ի ծեծ ու ջարդը: Այն կարելի է համարել նույնիսկ շարժման հասունության պահ և հանձնված քննություն: Չնայած, ինչպես ասել եմ, ԱԺ-ում ուղերձ չի ընդունվի, սակայն ենթադրում եմ, որ հավաքը կրկին բազմամարդ կլինի: Դա թույլ կտա, որպեսզի այսուհետ ևս ծրագրվեն և իրականացվեն գործողություններ: Թե՛ «Հրապարակ»-ի էջերում և թե՛ ֆեյսբուքում բազմիցս եմ ասել՝ Նիկոլի դեմ պայքարը նյարդերի պատերազմ է: Որովհետև Նիկոլը Սերժ չէ և հեշտությամբ չի հեռանա՝ հատկապես թիկունբքին ունենալով Արևմուտքի բացարձակ աջակցությունը: Ինչի վկայությունը Երևանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն էր նիկոլական ոստիկանության «բեսպրեդելի» առումով: Եվ այս պայքարում կհաղթի այն կողմը, ով կդիմանա մինչև վերջ: Ի դեպ, այդ առումով Նիկոլն արդեն գրանցել է մեկ լուրջ հոգեբանական պարտություն՝ դա նրան գոռգոռոցն էր Աժ ամբիոնից:

Եվ մի կարևոր հարց ևս: Բազմիցս եմ անդրադարձել հականիկոլական արևմտամետներին՝ առաջարկելով թարգել «Սրբազան պայքարի» առումով իրենց հակաքոչարյանական ու հակառուսական քարոզչությունը: Որովհետև դա օբյեկտիվորեն նրանց դարձնում է Նիկոլի համախոհ: Դա այնքան էլ բարդ բան չէ հասկանալու համար. եթե իշխանությունը շարժումների հետևում «տեսնում» է Քոչարյանի ստվերը, ապա նույն երևույթը «տեսնելը» նշանակում է Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու գործընթաց: Նույնը գործում է հակառուսականության առումով: Դա, օրինակ, ընկալվել է ԱԺԲ-ականների կողմից, որոնք որոշել են համագործակցել շարժման հետ: Եվ զարմանալի է, որ դա չի ընկալվում արևմտամետ այն անհատների կողմից, ովքեր իրենց խելացի են համարում: 

2020-ի վերջից այս կողմ պարտվողականության խորհրդանիշ Նիկոլի դեմ պայքարը հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ինքնիշխանության պայքար է՝ ով էլ լինի այդ պայքարի առաջնորդողը կամ էլ այս կամ այն ձևով աջակցի դրան: Եվ եթե այդ պայքարի արդյունքում, այդ մարդկանց կարծիքով, Հայաստանը վերածվելու է ռուսական «գուբերնյայի», ապա դա ավելի ընդունելի է, քան թուրքական վիլայեթի վերածվելը: Որովհետև, ինչպես պատմությունն է վկայում, մի օր «գուբերնյան» կարող է վերանալ ու հայերը կրկին անկախություն ստանան: Իսկ թուրքական վիլայեթի ապագան ցեղասպանություն է ու հայրենազրկումը: Այն, ինչ կատարվել է 100 տարի առաջ ու կրկին կատարվեց նախորդ տարի մեր աչքերի առջև: Բագրատ սրբազանի հետ ԱԺԲ-ականների համագործակցելու հանգամանքը վկայում է, որ նրանք էլ վերջապես հասկացան, որ Արևմուտքը կանգնած է ոչ թե ՀՀ ինքնիշխանության, այլ դրա անվան ներքո թուրքական վասալությունն ընտրած Նիկոլի թիկունքին: 

Դա՝ մեկ, և երկրորդ՝ այդ պայքարին Բագրատ սրբազանի միանալն ու առաջնորդելն այն դարձրել է նաև հոգևոր պայքար՝ ընդդեմ մեր ժողովրդի բազմաթիվ թերությունների, որի արդյունքում հնարավոր դարձավ Նիկոլի հայտնվելը վարչապետի պաշտոնին: Եվ նրա ղեկավարությամբ մեր բոլոր կորուստները՝ մարդկային ու տարածքային: Մեծ հաշվով հենց դա է հաղթահարվելու «Սրբազան պայքարի» հաջողության շնորհիվ: Եվ այդ պայքարին միանալը մեր բոլորիս պարտականությունն է՝ լինենք այս պահին հայամետ, ռուսամետ թե արևմտամետ: