Ինչ-որ տեղ՝ իշխանության և ընդդիմության արանքում

Ինչ-որ տեղ՝ իշխանության և ընդդիմության արանքում

Հայ քաղաքական գործիչ՝ կարդում եմ Անի Սամսոնյանի կենսագրականում: Ինչ-որ չեմ հիշում, որ նման քաղաքական գործիչ եղած լինի: «Ելք», իսկ հետո նաև «Լույս» դաշինքով Երևանի ավագանու անդամ եղել է, հիշում եմ: Իսկ մինչ այդ մակերեսային լրագրությամբ է զբաղվել: Բայց որ քաղաքական գործիչ է եղել՝ ես այդպիսի բան չգիտեմ: Գրել էին, որ 2018-2021 թվականներին հաճախել է խորհրդարան՝ որպես լուսավորհայաստանական: Այդպիսիք 17-ն էին ԱԺ-ում: Բայց այդ 17-ից ոչ մեկն այսօր չկա քաղաքական դաշտում: Վերջինը Էդմոն Մարուքյանն էր, որ դեռ կարող էր մի կերպ ձգել քաղաքական գործչի տիտղոսին, բայց 2021-ին նա շատերի համար անսպասելի ընտրեց կարիերիստի մասնագիտությունը: Դա տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ առևտրի կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, բարտերի արդյունքում: Փաշինյանի մոտ պաշտոն ձեռք բերելու ցանկությունն անչափ մեծ էր, բայց չափազանց ծանր էր պայմանը՝ կամ «Լուսավոր Հայաստանը», կամ՝ պաշտոնը: Էդմոն Մարուքյանն ընտրեց պաշտոնը, իսկ ահա 17 մանդատանոց «Լուսավոր Հայաստանը» դուրս մնաց Ազգային ժողովից և Հայաստանի քաղաքական կյանքից:

Հիմա ի՞նչ ուզում եք, որ ես ընդամենը 3 տարի ԱԺ հաճախած տիկին Սամսոնյանին համարեմ քաղաքական գործի՞չ, դա մի քիչ անհամեստ չի՞ հնչի նրա պարագայում: Եվ կամ Էդմոն Մարուքյանի նման կարիերիստի և Արման Բաբաջանյանի նման ստահակի հետ նույն օդը շնչած այս երիտասարդ կնոջը ես ինչպե՞ս կարող եմ անվերապահորեն քաղաքական գործիչ համարել: Կներեք, բայց ես այդքան շռայլ չեմ: Ի՞նչ է արել «ընդդիմադիր» Անի Սամսոնյանը պատգամավոր եղած օրերին: Նա այդ ընթացքում մանդատը վայր չի դրել, երբեք չի սպառնացել, որ նման քայլ կանի, ոչ մի անգամ իր քվեարկությամբ չի մոտեցրել Նիկոլի հրաժարականը, իշխանություններին երբեք դեմ չի տվել պատին, երբեք չի արժանացել իշխանական պատգամավորների հայհոյանքին, ծեծի չի ենթարկվել: Էդմոնին են ընդամենը մեկ անգամ ծեծել, այն էլ ոչ քաղաքական հայացքների համար: Ախտեցի Սասուն Միքայելյանի նյարդերը չդիմացան, երբ Էդմոնն ԱԺ-ի ամբիոնի մոտ փորձում էր փայլատակել որպես մեծ դասական: Ինչևէ, Անի Սամսոնյանն էս «լուսավոր» գրուպայով այդպես էլ ոչնչով աչքի չընկավ, եթե չհաշվենք իշխանությունների դուդուկի տակ պարելն ու ԲՀԿ-ի նախաձեռնությունները (ՍԴ դիմելու և այլն) տապալելը:

Եվ ահա, ԱԺ-ից դուրս մնալուց ուղիղ երեք տարի անց Անի Սամսոնյանը քաղաքական դաշտ մտնելու նոր հայտ է ներկայացնում՝ այս անգամ առանց Էդմոն Մարուքյանի, որովհետև Էդմոն Մարուքյանն այլևս համարվում է քաղաքական դաշտի ընդմիշտ կորսված կլասիկա: Էդմոնի վերջին փորձը՝ վերադառնալ քաղաքականություն, անհաջողության մատնվեց: Բագրատ սրբազանն այն սրբազաններից չէր, որ նահանջեր դասականի ու նրա ներկայացրած պայմանների առաջ: Էդմոնին դուրս հրավիրեցին դռնից, բայց Անի Սամսոնյանը որոշեց ներս մտնել պատուհանից: Նա եկավ Սրբազանին փառաբանող և ընդդիմությանը դաս տվող նոր երգերով՝ «Սրբազանը լավն է, ընդդիմությունը վատ», «Շարժումը լավն է, բայց ընդդիմության պատճառով կարող է մարել», «Շարժման հետ նախկինների կապը աշխատում է Նիկոլի օգտին», «Ընդդիմադիրները մանդատները չեն դնի, քանի դեռ ծեծ չեն կերել իշխանություններից», «Ըստ էության հենց ընդդիմադիրներն են ամրապնդում Նիկոլի դիրքերը»: Այս մոտիվները ընդդիմության համար նորություն չեն: Մինչև Անի Սամսոնյանի «երկրորդ գալուստը» նմանատիպ երգեր շատ «ընդդիմադիրներ» են երգել, որոնց, սակայն, այդպես էլ չի հաջողվել իրենց նիշան զբաղեցնել քաղաքական դաշտի որևէ հարթության վրա: Բանն այն է, որ քաղաքական դաշտը երկու նիշա ունի՝ իշխանական և ընդդիմադիր: Անի Սամսոնյանը միացել է երրորդ նիշայի փնտրտուքին՝ իշխանությանն ու ընդդիմությանը քննադատելով տեղ գտնել նրանց արանքում: Պայքարողների այս տեսակի մասին են ասում՝ не рыба и не мясо…

Հ.Գ. Էդմոն Մարուքյան, էս աղջկան ինչո՞ւ ես մենակ թողել: Հուսամ՝ ձայնդ մի տեղից դուրս կգա: Հիշում ես, չէ՞, որ դու դեռ պատասխան չես տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու ալամաշխարհի գործակալ Արման Բաբաջանյանի հետ 21 թվին Նիկոլի տապալման գործը վիժեցնելու համար: