Այս շարժման հաջողությունը կլիներ Փաշինյանի հաջողությունը

Այս շարժման հաջողությունը կլիներ Փաշինյանի հաջողությունը

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը:

-Ոստիկանների հարձակումից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի ու ազդարարեց այն մասին, որ շարժումը ռեբրենդինգի է ենթարկվելու, նոր դեմքեր են հանդես գալու: Սրբազանը ստիպվա՞ծ էր այս քայլին գնալ՝ հունիսի տասներկու իրադարձություններից հետո:

-Ես կարծում եմ, և շարժման լիդերները, և հատկապես Սրբազանը զգում էին, որ կա շատ լուրջ անհրաժեշտություն շարժման ներկայացվածության, ռազմավարության փոփոխության: Ինչո՞ւ, որովհետև այն ճանապարհը, որն ընտրված էր, ակնհայտ էր, որ շատ մեծ շանսեր չուներ իրականացվելու: Անձամբ ես, Սրբազանի մինչև Երևան հասնելը առիթ ունեցել եմ ասելու, որ Փաշինյանի իշխանությունը իր ամենամեծ ճակատամարտը տալու է Երևանի փողոցներում: Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը պայքարելու է մինչև վերջ, կասկած չունեմ, որ եթե անգամ հազար զոհ լինի՝ Փաշինյանը, միևնույն է, գնալու է դրան: Սա վկայում է, թե իր քաղաքական խոսույթը, սրա օգտին խոսում է թե իր վարքագիծը, թե իր թիմակիցների վարքագիծը և ամեն ինչ տանում է նրան, որ Փաշինյանը որևէ պարագայում պատրաստ չէ զիջել իշխանություն: Հետևաբար, շարժման փիլիսոփայությունը ռազմավարության իմաստով, ոչ թե գաղափարախոսության, պետք է կրի փոփոխություններ: Այն ճանապարհը, որ ընտրվել էր` հավաքներ, ճնշում և այլն, ես վստահ եմ, որ չի աշխատելու Փաշինյանի պարագայում: Փաշինյանը որևէ ճնշման պարագայում պատրաստ չէ զիջել իշխանություն՝ հունիսի 12-ը հենց դրա վառ ապացույցն էր, որ պատրաստ էին ոչ միայն լուսաձայնային, և վստահ եմ, եթե մի փոքր ավելի ագրեսիվ մասսա լիներ այնտեղ, պատրաստ էին նույնիսկ մարտական նռնակներ նետել ժողովրդի վրա: Ես դրանում արդեն կասկած չունեմ:

-Բայց մարդիկ հանգիստ կանգնած էին, երբ նռնակները նետեցին:

- Բոլոր տեսանյութերը, ամեն ինչ վկայում են, որ ագրեսիվ մասսա չկար, ընդհակառակը, եթե լիներ  ագրեսիվ մասսա, գուցե շատ ավելի մեծ ճնշում հնարավոր լիներ գործադրել և իրենց պատկերացումները և իշխանության խոսույթն ու հռետորաբանությունը որոշակիորեն կփոխվեր: Բայց քանի որ չկար ագրեսիվ մասսա, հենց իրենք ագրեսիա կիրառեցին, հենց իրենք կանխավ ամեն ինչ արեցին, որպեսզի իրադարձությունների հետագա ընթացքը դասավորվի հենց այդ կերպ՝ Սրբազանի վրա թողնելով պատասխանատվություն հավանական զոհերի կամ վնասված մարդկանց կյանքի և առողջության:

-Բագրատ սրբազանը կոչ է արել մարդկանց զանգահարել, համոզել իրենց ծանոթ ՔՊ-ական պատգամավորներին՝ միանալ շարժմանը: Արդյոք սա աշխատող տարբերա՞կ է, չէ որ հետ կանգնողը արդեն պետք է հետ կանգնած լիներ:

-Դուք իրավացի եք, սեպտեմբերի 19-ը հատկապես այդ ջրբաժանն էր, Արցախի կորուստը այդ ջրբաժանն էր: Մինչ այդ գուցե տեսական հնարավորություն կար, բայց դրանից հետո այլևս ոչ տեսական, ոչ գործնական հնարավորություն չկար, որովհետև այդ մարդիկ կատարել են իրենց ընտրությունը: Այդ ընտրությունը իշխանությունն է ամեն գնով: Գուցե երկար ժամանակահատված ունենալու պարագայում հնարավոր կլիներ, նաև ընդդիմադիր խմբակցությունների առաքելությունը խորհրդարանում հենց դա պիտի լիներ՝ աշխատանք այդ մարդկանց հետ, բայց քանի որ դա չի արվել, ինչպես իրենք են ասում` իշխանական նույնիսկ կես պատգամավորի հնարավորություն չեմ տեսնում, որ միանա այս գործընթացին:

-Ո՞նց կարելի է Փաշինյանին հեռացնել իշխանությունից, եթե ինքը կամովին չի հեռանում, ի՞նչ է մնում է` սպասել, թե երբ ինքը կուզենա հեռանա՞լ:

-Ցանկացած պետությունում, երբ հաստատվել է ավտորիտար իշխանություն և այն աստիճանաբար անցում է կատարել դեպի տոտալիտար իշխանության, դրանց պատմությունը սովորաբար այսպիսին է, բռնապետը կտրվում է ժողովրդից և իրականությունից, իր շուրջ կառուցում է ամրոց, ամրոցից դուրս իրողությունները փոխվում են, ժողովուրդը, որը այլևս խաղաղ ճանապարհով իշխանություն փոխելու հնարավորություն չի տեսնում, անցնում է ագրեսիվ պայքարի: Սա ցույց է տվել աշխարհի բոլոր բռնապետությունների վախճանի պատմությունը: 

-Բայց մեզ մոտ իրավիճակն ավելի բարդ չէ՞, որովհետև կան թշնամի Ադրբեջան և Թուրքիա, որոնք պատրաստ են հատուկ զորախումբ մտցնել Հայաստան՝ այս իշխանություններին պաշտպանելու համար:

-Նույնիսկ այս դեպքում դա այլևս չի աշխատի, երբ արդեն բռնություններից հոգնած ու զզված ժողովուրդը կորոշի, որ իր համար մեռնելն ավելի տանելի է, քան ապրել անպատվության մեջ: Նույն օրինակը Ֆրանսիայի օրինակն է, երբ կոլլաբորացիոնիստական իշխանություն եր հաստատվել այնտեղ, րը դարձել էր Նացիստական Գերմանիայի խամաճիկը, և որտեղ պարտիզանական շարժման անդամներն այլևս անտանելի էին համարում այդ իշխանությունը և սկսեցին պայքար՝ ազատագրվելու համար: Գրեթե նույն իրավիճակն էր․ և Գերմանիան, և տեղական իշխանությունը աշխատում էին պարտիզանական շարժման դեմ՝ ընդ որում այդ ժամանակվա համար շատ հզոր գերմանական տեղեկատվական և տեխնոլոգիական բոլոր հնարավորություներով պայքարում էին պարտիզանական շարժման դեմ: Ի վերջո, ստեղծվեց միջազգային թե արտաքին, թե ներքին այնպիսի իրավիճակ, որ երկիրն ուղղակի ազատվեց կոլլաբորացիոնիստական իշխանությունից: Հայաստանում, ցավոք սրտի, եթե այս համեմատականը տանենք, հաստատվել է մի իշխանություն, որը կատարում է թշնամու կամքը և ցանկությունները, ընդ որում կատարում է առանց լուրջ դիմադրության: Հայաստանի պարագայում իշխանությունը կառչած է աթոռից և Հայաստանի ներքին և արտաքին ազատագրման մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, հետևաբար, այստեղ, ցավոք սրտի, ամեն ինչ շատ ավելի ագրեսիվ է լինելու, եթե այսպես շարունակվի: Մենք հիմա տեսնում ենք բռնաճնշումներ գործարարների նկատմամբ, ակտիվ մարդկանց նկատմամբ, ովքեր չեն ուզում լռել, ովքեր խոսում են, բարձրաձայնում են խնդիրների մասին, այս բռնաճնշումները որքան շարունակվեն և որքան մասսայական դառնան, այնքան ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանափոխությունը խաղաղ միջոցներով՝ հնարավոր և անհնար միջոցներով, կդառնա անխուսափելի:

-Քաղաքացիական բախումնե՞ր:

-Այո: Տեսեք ռադիկալացումը նաև մարդկանց միմյանց դեմ բորբոքելը, ճամբարների բաժանելը հենց դրա օգտին է խոսում: Եվ հիշենք, թե 2020 թվականի վերջ, 2021 թվականին Փաշինյանի կեցվածքն ինչպիսին էր: Նա այսպիսի հայտարարություն էր անում՝ «Եկել  է քաղաքացու վրեժի ժամանակը»: Վրեժ ումի՞ց, ո՞ր քաղաքացին ո՞ր քաղաքացուց պետք է վրեժ լուծի, այսինքն, մարդ, ում համար միևնույն հիմքերով ինչ կլինի այդ ժողովրդի հետ, կարևորը լինեն բախումներ, մարդիկ իրար սպանեն, որպեսզի իր իշխանությունը հաստատ մնա: Սա նաև պատմության մեջ այս իմաստով ունիկալ երևույթ է, այսպիսի երևույթ ուղղակի հնարավոր չի պատկերացնել: Նույնիսկ ստալինյան բռնաճնշումների ժամանակ, տրամաբանությունը բոլորովին այլ էր, այսքան նսեմ ու ստոր չէր ամեն ինչ: Հիմա ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին է ստեղծվում, որ արտաքին էքսպանսիան Հայաստանի նկատմամբ մի կողմից, ներքին էքսպանսիան մյուս կողմից, ժողովրդին մտցնելու են այնպիսի անկյուն, որ մարդիկ ստիպված լինեն դիմել ամենածայրահեղ գործողություններին: Եվ ես առիթ ունեցել եմ ասելու, որ այս շարժման հաջողությունը կլիներ հենց Փաշինայնի հաջողությունը՝ դեմքը պահելով հեռանալ իշխանությունից, համաձյանության գալով հեռանալ իշխանությունից՝ առանց հետագա հետևանքների: Իսկ հակառակ պարագայում այդ հետևանքները չափազանց ցավալի են լինելու ոչ միայն իշխանության, դրա ներկայացուցիչների և կողմնակիցների համար, այլ բոլորի համար, ամբողջ պետության համար: Այս պարագայում  լավագույնը կլիներ ներքին համաձայնության գալ, և ինչ-որ պահից ուղղակի հեռանալ՝ դա այս պահին տեսնում եմ որպես լավագույն լուծում: Իմանալով Նիկոլ Փաշինյանին և իշխանությանը, ցավոք, դա գրեթե բացառված տարբերակ է… Իհարկե, քաղաքականությունը հնարավորի և անհնարինի արվեստ է և քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց իր անձը ճանաչելով՝ այս հարցւոմ վատատես եմ: