Ո՞րն է բարիշելու մոդուլը

Ո՞րն է բարիշելու մոդուլը

Ինչքան ՀՀԿ-ԲՀԿ պատերազմի հայտարարումն էր շոկի մեջ գցել հայ հասարակությանը, նույնքան էլ մարդիկ շոկի մեջ հայտնվեցին՝ լսելով «բարիշելու» մասին լուրերը: Ինչպե՞ս, հարցնում էին մարդիկ. բա մի փութ մեղրով չուտվող խոսքերը, մականուններն ու հայհոյանքները, մանդատը վայր դնելու դիմումները, մինչեւ վերջ գնալու հաթաթաները, հեղափոխություն-իշխանափոխություն-նստացույց-հացադուլ անելու հայտարարություններն ի՞նչ են լինելու: Բա Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի, Էդիկ Շարմազանովի հայտարարությունները, աշխատանքից ազատված պահնորդները, հարկային ու քրեական հանցանքների մասին մեղադրանքներն ինչպե՞ս են բացատրելու: Այսուհետ ո՞նց են նայելու իրար աչքերի մեջ, ո՞նց են իրար բարեւ տալու, սեղան նստելու, բաժակ խփելու, խնամիանալու: Բայց եթե թողնենք հարցի էմոցիոնալ-բարոյական կողմը, գլխավոր հարցն անշուշտ Սահմանադրությունն է:



Արդյոք կողմերը համաձայնությա՞ն են եկել Սահմանադրության շուրջ: Եթե այո, ապա հարց է ծագում՝ ո՞վ է հրաժարվել իր դիրքորոշումից. Սերժ Սարգսյա՞նն է համաձայնել չփոխել Սահմանադրությունը, թե՞ Գագիկ Ծառուկյանն է համաձայնել սատարել սահմանադրական փոփոխություններին: Արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարվե՞լ է Ծառուկյանին մանդատից զրկելու, նրա տնտեսությունն ու հարկային պարտավորությունները ստուգելու մտադրությունից: Եթե բարիշեցին՝ մոռանալո՞ւ են ԱԺ նիստերից բացակայություններն ու ընտրողների նկատմամբ «արհամարհանքը», իսկ հարկերը չմուծելու վրա ա՞չք են փակելու: Իսկ ինչպե՞ս են վարվելու վիրավորանք-հայհոյանքների եւ դրանց հեղինակների հետ: Հերթով հրապարակավ ներողությո՞ւն են խնդրելու, Ֆեյսբուքում ստատուսնե՞րն են ջնջելու, թե՞ Աշոտյանը նորից հյուրընկալվելու է «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին եւ ասելու է՝ ղալաթ եմ արել: