Նույնիսկ Բրյուսովո՞ւմ են ներքաղաքական հարցեր քննարկում

Նույնիսկ Բրյուսովո՞ւմ են ներքաղաքական հարցեր քննարկում

Երեկ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակիցներից մեկը մեզ մի գրություն էր ուղարկել, որում նշված էր, որ փետրվարի 16-ին նախատեսված ամբիոնի արտահերթ նիստը հետաձգվել է, այն «տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին՝ կապված ներքաղաքական զարգացումների հետ»: «Օրակարգում կարգապահական հարցեր են, ուստի բոլորի ներկայությունը խիստ պարտադիր է»,-ասված էր գրության մեջ: Մենք իմացանք, որ այս հույժ կարեւոր նիստն անցկացվելու է անգլերենի ամբիոնում:



Կապվեցինք Բրյուսովի անվան համալսարանի ուսանողության, երիտասարդության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ: Վերջինս սկզբում մեզ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, առաջին անգամ է լսում, բայց խոստացավ ճշտել եւ ավելի ուշ մեզ ասաց. «Մեր համալսարանում 15 հատ ամբիոն կա, համարյա մեծ մասի հետ խոսեցի, ուրեմն ամբիոնների մեծ մասն էս շաբաթ նիստ ունեն, օրակարգերն էլ մի մասը, ինձ ասացին, հիմնականում ուսումնական պրոցեսի, լուծարքների եւ այլնի հետ կապված նիստեր են, բայց ես նույնիսկ կարող եմ Ձեզ առաջարկել, որ ցանկացած նիստին գաք, ներկա լինեք, ինքներդ տեսնեք, որ ավելի բաց լինի իմ ասածը»: Կոնկրետ փետրվարի 19-ին նիստ կա՞, Ց. Ակոպյանն ասաց. «Փետրվարի 19-ին ոնց որ անգլերենի եւ բառագիտության ամբիոնում կար նիստ, օրակարգն էլ հարցրեցի, ասացին՝ ուսումնական պրոցեսի հետ կապված հարցեր, ուսանողների կարգապահություն, մատյաններ լրացնելու, լուծարքների, դրա հետ կապված նիստ է»: Իսկ այն, որ գրված է՝ «ներքաղաքական զարգացումների» հետ է կապված, Ց. Ակոպյանն ասաց. «Չէ, չէ, էդպես որեւէ քննարկում չկա, բայց ես Ձեզ կառաջարկեմ, որ Դուք էլ գաք ներկա լինեք ու անձամբ համոզվեք, էլի»:



Անգլերենի եւ բառագիտության ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ, այո՛, իսկապես իրենց ամբիոնը փետրվարի 19-ին նիստ է հրավիրել, ժամը 15:30-ին, սակայն նշեց, որ ամսի 20-ին էին նախատեսել, սակայն տեղափոխել են մեկ օր առաջ, որպեսզի բոլոր դասախոսներին հարմար լինի: Հաստատեց նաեւ մեզ ուղարկված գրության մեջ նշված օրակարգային հարցը. «Նիստն ունի օրակարգում մի հարց՝ ներքին կարգապահական, որ դասախոսները չուշանան, քանզի լիկվիդները չեն նշանակել ոմանք, կուրսայինի թեմաներ չեն տվել… էդ հարցերն են»:
Իսկ «ներքաղաքական զարգացումների հա՞րցը»: Տիկին Եղիազարյանն ասաց. «Ոչ, իհարկե, մենք քաղաքականության հետ ի՞նչ գործ ունենք»: Նշենք, որ դասախոսներն այլ կարծիքի են, նրանք համոզված են, որ նիստը հրավիրվել է 19-ին՝ 20-ի հանրահավաքի հետ կապված քարոզչական աշխատանք տանելու համար, որպեսզի իրենց զգուշացվի հանրահավաքի չգնալու մասին:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ