Լինել ՀՀԿ-ական. հե՞շտ է արդյոք

Լինել ՀՀԿ-ական. հե՞շտ է արդյոք

ՀՀԿ երիտասարդական, ոչ այնքան երիտասարդական, ակամա ՀՀԿ-ական, ռազմական, ուսումնատենչ, նաև ծերունական թևերը, ինչպես միաձայն սկսել էին իրերն իրենց անուններով կոչել, այդպես էլ կազմակերպված դադարեցին այդ անիմաստ գործով զբաղվել, որովհետև հանկարծ պարզվեց, որ հարազատ կուսակցության մեջ էլ իրենց անունով կոչվելու արժանի իրեր շատ կան, գուցե ավելի շատ, քան ԲՀԿ-ում: Եկեք չասենք, որ ՀՀԿ-ականները, օրինակ՝ Կարեն Ավագյանը կամ Արմեն Աշոտյանը անձամբ նկատեցին այդ խայտառակությունը: Նկատեց նկատողը, բարեկամներ, և մյուսներին ասաց՝ հոպ, արա, ձեր տանը չեք…



Ու գիտե՞ք ինչ դուրս եկավ այս ամենից: Դուրս եկավ, որ ՀՀԿ-ական լինելն այդքան էլ հեշտ գործ չէ: Ամբողջ օրը ջրերի ու ցեխերի մեջ… մեկ ասում են՝ դավայ, մեկ էլ՝ մի հատ սվիստոկ ու պիտի ավել-պակաս չխոսես: Դժվար է, չէ՞:
Ախր այսպես ո՞նց կլինի:



Քանի կար՝ Գալուստ Գրիգորիչը Գագիկ Ծառուկյանի իմփիչմենտն էր նախապատրաստում, իսկ հիմա՝ ստիպված է պարզել, որ Ծառուկյանի բացակայությունները հարգելի են: Գալուստ Գրիգորիչ, իսկ եթե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը վաղը նորից կռվեն, Ծառուկյանի բացակայություններն ինչպե՞ս եք նորից իրենց անունով կոչելու: Այդ ի~նչ հունարի տեր եք Դուք, Գալուստ Գրիգորիչ:



Կարեն Ավագյան: Եթե չեմ սխալվում, սույնը ներկայացնում է ՀՀԿ-ի ամենաերիտասարդական թևը, և դա բավական չէ, համալսարանում էլ դաս է տալիս: Այդ երիտասարդը վաղը, երբ մտնի լսարան, ի՞նչ է ասելու իր ուսանողներին, այն դեպքում, որ երկու օր առաջ, նախագահի թույլտվությամբ, բացել էր հայտնի կնիքն ու ինչքան ուժ ուներ, գոռում էր հեռուստաէկրանից:



Արմեն Աշոտյան: Ուսյալ, կրթյալ, բժիշկ մարդ, և դա բավական չէ, կառավարությունում էլ ԿԳ նախարար է աշխատում: «Վարդանանք» կարդացածիս տես: Տղա ջան, Վարդան Մամիկոնյանի ձիու անունը կասե՞ս, թե՞ զանգ ընկերոջը մի հատ: Զանգիր, իհարկե զանգիր: Տգիտությունը գործ չունի քաղաքականության մեջ: Այս մարդն իր կյանքում մեկ հատիկ քաղաքական որոշում ընդունած կա՞: Օրնակ՝ այսպիսի որոշում՝ փողատերերի երեխաները, եթե դատարկագլուխ են, բուհում չպետք է տեղ ունենան: Ո՞ւմ համար պարզ չէ, որ աշոտյանական բուհերը բիզնեսի օբյեկտներ են: Փող ունե՞ս, ուրեմն երեխադ չի կարող դատարկագլուխ լինել, բեր, վճարի, նրանից մի բան դուրս կգա: Իսկ այդպիսի երեխաներից մենք գիտենք ինչ է դուրս գալիս: Ամենաշատը՝ ՀՀԿ-ական:



Ես ներողություն եմ խնդրում, որոշ իրեր այսքան մանրամասն իրենց անուններով կոչելու համար, բայց մի ծանր դեպք էլ կա, որի մասին չխոսել չեմ կարող:



Հովիկ Աբրահամյան: Մեր մեջ ասած՝ կարգին տղա, բայց սարսափելի պանիկյոր, երբ խոսքը խոշոր բիզնեսին ու խնամուն է վերաբերում: Այսքանը դեռ բավական չէ, կառավարությունում էլ վարչապետ է աշխատում:Ասում է՝ բամփենք գլխներին, որ սսկվեն: Ո՞ւմ գլխին բամփես, երբ շուրջդ, որ կողմը նայում ես, ձեռքի հասանելիության սահմաններում ձերոնք են միայն: Սկսե՞նք… Ավելի համարձակ… Չլինի՞ խեղճուկրակներին եք ուզում բամփել, որ աշխատավարձ չպահանջեն, չվճարված փողեր չպահանջեն, օրենք չպահանջեն… բա ինչո՞ւ իրերը, այս դեպքում գլուխները, իրենց տերերի անուններով չեք կոչում, պարոն Աբրահամյան:



Այո, ՀՀԿ-ական լինելը հեշտ գործ չկարծեք: Հո միայն զնաչոկ կպցնելն ու ֆռֆռալը չէ: Անսպասելի «Ֆարսաժ» կտրուկ արգելաումներ, առանց թարթիչը միացնելու աջ ու ձախ քշել, վրաերթ անել, փախչել, թաքնվել: Սրանք բաներ են, որ «զակալկա» են պահանջում:



Էդիկ Անդրեասյան