Փակ սխոդկա

Փակ սխոդկա

Քաղաքական դաշտում կռիվ էլ կլինի, հաշտություն էլ՝ նորմալ է: Աննորմալն այն է, որ հասարակությունը, ընտրողն այդ պրոցեսներին մասնակից չէ: Ամեն ինչ կատարվում է կուսակցությունների լիդերների, ամենաշատը՝ քաղխորհուրդների մակարդակով: Ոչ մեկը չի լսում ժողովրդի կարծիքը: Ոչ մեկը հաշվի չի առնում հասարակության շահերը: Նախօրեին Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ շենք հիշեցնող առանձնատանը տեղի ունեցած փակ հանդիպումը, որի արդյունքում «հրադադար» հայտարարվեց, եւ արձանագրվեց Գագիկ Ծառուկյանի լիակատար «կապիտուլյացիան», իրականում գողական սխոդկա էր հիշեցնում, որտեղ հեղինակությունները որոշում էին, թե ով ինչ կարգավիճակ պետք է ունենա, ով պետք է շարունակի կրել «գողի» բարձր կոչումը եւ ով է գահընկեց արվելու:



Մինչ հասարակությունը քաղաքական «ճակատամարտի» սկզբում ուրախացել էր, որ վերջապես մեր ճահճացող իրականության մեջ ինչ-որ պրոցեսներ են սկսվել, եւ պայքարն ու բախումը մեզ համար նոր հորիզոններ կբացեն՝ հասարակական զտման, առողջացման սկիզբ հանդիսանալով, այդ ամենն ավարտվեց ներկուսակցական փակ պայմանավորվածությամբ եւ կասկածելի համաձայնությամբ: Ի՞նչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը վարչապետի տանը: Ի՞նչ զիջումների է գնացել նրանցից յուրաքանչյուրը, ո՞ւմ հաշվին, ի՞նչ չափով: Ի՞նչ զարգացումներ են մեզ սպասվում: Անհայտ է: Նորից կուլիսները փակվեցին, եւ նորից հայտնվեցինք կեղծ ու պայմանավորված, հանրության շահերին հակասող խաղերի հորձանուտում: Նորից գլուխ կբարձրացնեն սուտ ու շողոմ հարաբերությունները, որտեղ միմյանց երեսին կժպտան, բայց իրար տակ կփորեն: Նորից հասարակությունը մնաց ձեռնունայն՝ ոչ իշխանությունը հեռացավ, ոչ ապաքաղաքական ուժից ազատվեցինք եւ ոչ էլ դաշտն ազատվեց նոր, ազնիվ գործիչների համար: