ԲՀԿ ռադիկալ թևն ընկճախտի մե՞ջ է

ԲՀԿ ռադիկալ թևն ընկճախտի մե՞ջ է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գիշերային բանակցություններից հետո եւ դրա արդյունքում ԲՀԿ-ում անկումային տրամադրություններ են: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամներին վաղ առավոտյան հավաքել էր Առինջի իր տարածքում, ներկայացրել, որ չի ուզում գնալ առճակատման եւ արյունահեղության պատճառ դառնալ, պետք է դադարեցնել հանրահավաքները, ոչ մի վտանգավոր քայլի չգնալ: Սա վրդովվեցրել է ԲՀԿ ռադիկալ թեւին, ովքեր ասել են, որ այդպես չի լինի, ժողովուրդը կթքի իրենց երեսին, կքննադատեն, ամոթ է, չի կարելի, սրանից հետո պետք է մոռանան քաղաքականության մասին եւ այլն:



Ռադիկալներին հանգստացրել է ԲՀԿ «պահպանողական» թեւը, ովքեր բացատրել են, որ դա ճիշտ որոշում է, չի կարելի ամբիցիաների համար վտանգել ժողովրդին: Հավաքին Ծառուկյանը որեւէ խոսք չի ասել մանդատը վայր դնելու, քաղաքականությունից հեռանալու մասին, թեեւ, որոշ տեղեկությունների համաձայն, գիշերային բանակցությունների ժամանակ նման պայման դրվել է նրա առաջ: Մի շարք ԲՀԿ-ականներ նրա ապարանքից հեռացել են հիասթափված, հուսահատ եւ խորը դեպրեսիայի մեջ, չի բացառվում, որ նրանք լքեն ԲՀԿ-ն: Ի դեպ, մինչեւ բանակցությունների եւ հաշտեցման սկիզբը ԲՀԿ-ից հեռանալու ճանապարհն էին բռնել բազում մանր ու միջին չինովնիկներ՝ վարչության պետեր, տնօրեններ, գյուղապետեր, քաղաքապետեր, որոնք հիմա շատ գոհ են դեպքերի զարգացումից: