Նահա՞նջ, թե՞ հրադադար

Նահա՞նջ, թե՞ հրադադար

«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում, փոխանցե՛ք ժողովրդին, որ իմ հանդեպ ունեցած անվերապահ վստահությունն ու հավատը մինչեւ վերջ պահպանելու եմ»: ԲՀԿ ղեկավարի դեկտեմբերին արված այս հայտարարությունից ամիսներ անց շատ բան է փոխվել:
Հիշեցնենք, որ պատերազմի համազարկը տրվեց Սերժ Սարգսյանի խոստումով, որ Գագիկ Ծառուկյանին պետք է հեռացնել քաղաքականությունից՝ նրան համարելով մտավոր հետամնաց եւ չարիք, իսկ Գագիկ Ծառուկյանը պահանջում էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը: Սամվել եւ Կարեն Կարապետյանների քավորությամբ հանդիպումն ու բանակցությունները բերեցին նրան, որ ԲՀԿ-ն երեկ չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց, նշելով, թե իշխանության հետ «բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: Պարզ ասած՝ Ծառուկյանը քաղաքական պայքարից հրաժարվելու խոստում տվեց: Բայց միեւնույն ժամանակ նա չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, այս մասին հավաստիացումներ է տվել նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:



Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կանխատեսում էր նման ելք: «Սողուններն ու կրծողներն ունակ չեն»,- ասում է նա ու վրդովվում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նրան մանեւրի դաշտ տալու հնարավորության մասին մեր հարցից: «Ես պարտավոր չեմ Ծառուկյանի փրկության ուղիներ մատնանշել, թող ինքն ու Օսկանյանը մտածեն»,- ասաց Ծառուկյանի կողմից նախկին հալածյալը: «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանն էլ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նահանջի մասին ասում է. «Հետոն կախված է նրանից, թե իշխանությունն ինչպես կպահի իրեն՝ կշարունակի՞ ճնշումները, թե՞ կառկախի հարցը» :



Փոխարենը ԲՀԿ-ամերձ ու ԲՀԿ-ին հարող քաղաքական գործիչները երեկ չէին ուզում հավատալ Ծառուկյանի նահանջին ու հակադարձում էին Արթուր Բաղդասարյանի հետ համեմատություններին: Իրենք՝ ԲՀԿ-ականները, ասես չքվել էին աշխարհի երեսից, բոլոր «բացատրությունները» թողնելով կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի փխրուն ուսերին, ով բոլոր լրատվամիջոցներին կրկնում էր այն միտքը, թե Գագիկ Ծառուկյանն արյունահեղությունների գնացող չէ: Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով մեկ օր առաջ մեզ վստահեցնում էր, որ Ծառուկյանն Արթուր Բաղդասարյան չի դառնա, որովհետեւ նախ հեռու է Բաղդասարյանի «որակներից» ու բացի դրանից կորցնելու բան չունի, երեկ «որոշակիորեն» հիասթափված էր հանրահավաքը չեղյալ հայտարարելու ԲՀԿ-ի որոշումից:



Կարապետիչի համար որոշակի հարցեր անհասկանալի են. «Երեւի իշխանությունն ինչ-որ զիջման է գնացել, հնարավոր է իշխանությունները հրաժարվել են սահմանադրական բարեփոխումներից»: Կարապետյանը բոլոր դեպքերում չի ուզում հավատալ, որ Ծառուկյանը հրաժարվում է պայքարից. «Համբերեք, կհանդիպեմ նրան՝ կիմանանք»: Կարապետյանը չի բացառում, որ իր կուսակցության հետ կքննարկի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում լինելու հանգամանքը ու կհայտարարի: Գուրգեն Եղիազարյանը, ով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի դեմ սիմվոլիկ հակընդդեմ քայլ էր արել ու ԲՀԿ-ին անդամակցելու մասին խորհրդանշական հայտարարություն արել, նույնպես չի հավատում Ծառուկյանի նահանջին. «Մենք չգիտենք, թե ինչ զրույց է գնացել Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ»:



Եղիազարյանն այնքան վրդովված էր Ծառուկյանի հնազանդեցման լուրերից, որ Սողոմոնի մատանու գրությունը՝ «ամեն ինչ անցողիկ է», մեջբերելիս այն մի քիչ փոխեց. «Մատանու հետեւի մասում գրված էր, չէ՞. «Ոչինչ նույնը չի մնում», եւ առաջիկայում ամեն ինչ կպարզվի, ու 10 օրից կկանգնենք նույն իրողությունների առջեւ» եւ առաջիկայում ԲՀԿ-ի ղեկավարությամբ կպայքարենք իշխանափոխության համար: