Վերջին քայլը

Վերջին քայլը

Ինչո՞ւ մեզանում այդպես էլ չի ձեւավորվում ուժեղ, կամային, պայքարի ունակ ընդդիմություն: Ամեն անգամ, երբ իրավիճակը սրվում է, երբ հասարակությունը պատրաստ է վճռական գործողությունների եւ պահանջում է վճռական գործողություններ, երբ ընդդիմությունից ակնկալում են հետեւողական ու նպատակասլաց աշխատանք, այդ ուժերն իրենց թուլամորթի նման են պահում՝ ծախվում կամ վախենում:



Անշուշտ, հետո գտնում են արդարացումներ իրենց պահվածքի համար՝ արյունահեղություն չէինք ուզում, չի եկել վճռական պահը, փողոցում չկար «կրիտիկական զանգված», արտաքին թշնամիներն են գլուխ բարձրացրել, իշխանությունն ուժեղ է, ատամներով պահում է աթոռները եւ այլն: Այդպես է եղել անկախությունից հետո բոլոր տարիներին. 1996-ին բավարար վճռականություն չդրսեւորեց Վազգեն Մանուկյանը, 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանը, 2003-2004-ին՝ Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 2015-ին՝ Գագիկ Ծառուկյանը:



Այն վերջին գործողությունը, քայլը, խոսքը, որը կարող էր վճռական լինել եւ երկրում իրավիճակ փոխել, նրանք չեն արել: Կամ ուշացել են, կամ՝ նահանջել: Միշտ իշխանությունն ավելի արագաշարժ է եղել, ավելի ճկուն, ավելի խորամանկ ու հետեւողական: Եվ խնդիրը բոլորովին էլ բարիկադներ կառուցելու կամ մայդան սարքելու մեջ չէ: Երբեմն խնդիրը ընդամենը կամքի ու վճռականության մեջ է, նպատակասլացության, հարցերը ճիշտ դնելու, չծախվելու, չընկրկելու: Եվ սա այն դեպքն է, երբ պետք է արժանին հատուցենք ղարաբաղցիներին, ովքեր, հավանաբար, իրենց պատմական արմատներից, հող ու ջրից ժառանգած համառություն, աշխատասիրություն եւ կամային որակներ ունեն՝ իշխանություն ձեռք բերելու եւ իշխանություն պահելու հաստատակամություն: