Քաղաքագրություն. Վերջին տեղը՝ գիրքը

Քաղաքագրություն. Վերջին տեղը՝ գիրքը

Սյուզըն Սոնթագ. «Սերը գրքերի հանդեպ: Գրադարանս փափագների պահոց է»: Վարգաս Լյոսա. «Ես կարդալ սովորել եմ հինգ տարեկանում… Իմ կյանքի ամենանշանավոր իրադարձությունն էր»: Դորիս Լեսսինգ. «Կցանկանայի, որ պատկերացնեիք, թե գտնվում եք Հարավային Աֆրիկայի որեւէ բնակավայրում, սարսափելի երաշտ է, աղքատ թաղամասում հնդկական խանութի մոտ եք: Զանազան ջրանոթներ ձեռքերին` մարդիկ հերթ են կանգնել, հիմնականում` կանայք: Այս խանութն ամեն առավոտ քաղաքից ջուր է ստանում, բոլորն այդ թանկարժեք ջրին են սպասում: Հնդիկը ձեռքի ափերով հենվել է վաճառասեղանին եւ հետեւում է սեւամորթ մի կնոջ, որ գլուխը խոնարհել է թղթի խրձի վրա. կարծես պատռած գիրք է: «Աննա Կարենինան» է ընթերցում»…



Եվ այսպես շարունակ բացում ես գրողների էսսեները ու դրանց միջից գտնում, առանձնացնում գրքերի ու ընթերցանության մասին պատմող տողեր, որոնց նշանակալիությունն այնքան մեծ է (եւ քեզ համար, եւ նրանց), որ անցնող անբովանդակ, անհեթեթ օրվա մեջ վերագտնում ես լինելու հավատամքդ, հանկարծ քայքայվածությունդ ամբողջացնում ես, իմաստ հաղորդում ամենին: Այս օրերի նողկալի իրադարձություններից հետո միակ, վերջին տեղը գիրքն է մնացել… թափառել գրախանութներով, գրադարաններով… հանդիպել հին գրավաճառներին, մի երկու բառ փոխանակել, խոսել ինչ-որ հեղինակի մասին, թերթել ինչ-որ «երկրորդական վեպ»… եւ հույս ունենալ, որ այստեղ՝ գրքերի, ընթերցանության աշխարհում, ակնթարթի մեջ կմիավորվես մարդկության պատմության լավագույն կողմերին, հորինվածքի հրաշքին, դրա երեւակայությանը… նաեւ Անդրե Բրետոնի երազայնությանը, որ այդպես էլ իրականություն չդարձավ, որին չհավատացին:



Արթուրո Պերես Ռեւերտե. «Միշտ մտածել եմ, որ աշխարհում անպետք գիրք չկա: Ամենաբարետես, ամենահիմար գրքերն անգամ, որոնք չեն կարող հարստացնել ո՛չ իրենց ընթերցողի միտքը, ո՛չ սիրտը, անշուշտ, փոքրիկ մի գաղտնիք են պարունակում՝ հնարավոր է ընդամենը մի տող, որ ինչ-որ մեկին կարող է պետք գալ: Իրականում գրքերը երբեք չեն սխալվում, մարդիկ են սխալվում գրքերի ընտրության մեջ»:



Անդրե Մորուա. «Շատ արդյունավետ է ընթերցանության «աստղաձեւ» մեթոդը. ընթերցողն ընդլայնում է իր հետաքրքրությունների շրջանակը՝ հիմնական գրքից կամ սյուժեից շարժվելով տաբեր ուղղություններով՝ կարծես աստղի ճառագայթներով: Օրինակ՝ ես կարդում եմ Պրուստին եւ հիանում նրանով: Խորանալով նրա գրքերի մեջ, իմանում եմ, որ ինքը՝ Պրուստը, հիացել է Ռեսկինով, Ժորժ Սանդով: Անցնում եմ Ռեսկինին ու Սանդին. այն, ինչ Պրուստի նման ընթերցողը համարում էր լավ, չի կարող անտարբեր թողնել նաեւ ինձ: Իսկ Շառլ Դյու Բոն ինձ հանդիպեցրեց «Կրկնակի կորուսյալ Էվրիդիկային»: Մորիս Բարինգն ինձ իր ժամանակին հաղորդակից դարձրեց Չեխովի, Գոգոլի հետ: Այսպես էլ առաջանում են հոգեւոր բարեկամության կապերը: Ժամանակն է, որ դուք էլ որոշեք ձեր տեղը: Մնա՜ք բարով»:



Նորից ու նորից բացում ես գրողների գրքերի ու ընթերցանության մասին խոստովանությունները, մխրճվում դրանց մեջ…
Այս օրերին գիրքը քո լինելու վերջին տեղն է եւ ընդհանրապես վերջին տեղն է: