Փոստանջյանը վանաձորցիներին կոչ է անում ինքնակազմակերպվել | լուսանկարներ

Փոստանջյանը վանաձորցիներին կոչ է անում ինքնակազմակերպվել | լուսանկարներ

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն այսօր դարձյալ Վանաձորում էին՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակիցների փոխանցմամբ, չէր կարողացել գալ նրանց հետ, քանի որ ընտանեկան խնդիրների պատճառով մեկնել է ԱՄՆ: Վանաձորից հետո խումբը մեկնելու էր Գյումրի՝ հանդիպելու նաև գյումրեցիների հետ: Զարուհի Փոտանջյանի խոսքով՝ քանի որ ընդդիմադիր դաշտը համախմբելու և միասնական քաղաքական օրակարգով ներկայանալու իրենց փորձը չհաջողվեց, այժմ հանրային հանդիպումներ են կազմակերպում ՀՀ տարբեր բնակավայրերում, որ փորձեն դիմադրություն կազմակերպել այս «ապօրինի» իշխանության գործողություններին, որոնք նորից ժողովրդի առջև «հարուցել է»:



«Երեկ Սերժ Սարգսյանը, ով բռնազավթել է մեր բոլորից իշխանությունը, հայտարարեց, որ ցանկանում է սկսել սահմանադրական բարեփոխումներ՝ «ծխածածկույթի» ներքո իր բռնազավթման տարիների երկարաձգում: Ո՞րը պետք է լինի հանրության պատասխանը այս հայտին, ՀՀ-ում տիրող այս անպատժելի մթնոլորտին, կարծում եմ պետք է որոշենք ձեզ հետ միասին, որովհետև փորձը, որ արեցինք այս մեկ տարվա ընթացքում՝ համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին, վկայում է, որ առանց ՀՀ քաղաքացիների ինքնակազմակերպման բացառված է արդյունավետ դիմադրություն ցույց տալ այս գործող ապօրինի կարգին և հաստատել օրինական կարգեր: Մարտի 20-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում և փորձելու ենք նորից, այսպիսի հանդիպումների միջոցով կազմենք այն օրակարգը, որը պետք է ուղղվի արդեն ձեր կողմից կազմակերպված կառույցներին: Քաղաքական ուժերի ներքո չպետք է միայն գործեն շտաբ կամ կառույցներ, դրանք պետք է գործեն հենց ձեր ինքնակազմակերպման ներքո, պետք է կիսեք քաղաքը ձեր համապատասխան հատվածների և սկսեք ինքնակազմակերպվել»,-վանաձորցիներին դիմեց «Ժառանգության» պատգամավորը:



Ադրինե Թորոսյան