Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում նոր՝ «Տաղավար»

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում նոր՝ «Տաղավար»

Սիրելի հայրենակիցներ,
Մեծագույն ափսոսանքով ու նաև վրդովմունքով ենք տեղեկացնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացիկ միջոցառմանը համայն աշխարհին ներկայանալու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում օրերս ապօրինաբար ու անհայտ հեղինակմամբ հայտնված, մեծաչափ ու անհեթեթ մի՝ իբր ժամանակավոր «Տաղավարով» , որն անհանդուրժելիորեն խաթարել ու գռեհկորեն նսեմացրել է Հուշահամալիրի գեղագիտական կեսդարյա անաղարտ կերպարը, աղճատել նրա ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը: Այս իրողությունը հերթական ու վառ վկայությունն է մեր իրավազանց իշխանավորների մշակութային սնանկության, և ազգային արժեքների հանդեպ օրըստօրե ուժգնացող քամահրանքի:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն մեր՝ հեղինակ քաղաքացիներիս, այլ համայն հայության հոգևոր ու նյութական սեփականությունն է, և նրա նկատմամբ ամեն մի անխոհեմ ոտնձգություն արձագանքվելու է բոլորիս հոգիներում:
Ուստի կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դեռ սնվում ու հպարտանում են ազգային արժեքներով, անհապաղ այցելել հուշահամալիր, ականատես լինել իրադրությանը և օր առաջ միանալ բողոքարկման գործընթացին:

Հուշակոթողի համահեղինակ՝ ճարտարապետ Ս. Քալաշյան
Հուշակոթողի համահեղինակի իրավաժառանգ՝ ճարտարապետ Ա. Թարխանյան
Հուշահամալիրի թանգարանի համահեղինակ՝ ճարտարապետ Լ. Մկրտչյան