Երվանդ Զախարյանը խոստացել է մեկ շաբաթից նաիրիտցիների հարցը լուծել

Երվանդ  Զախարյանը խոստացել է մեկ շաբաթից նաիրիտցիների հարցը լուծել

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր կառավարության նիստից հետո հեռացել է գլխավոր մուտքից, ինչը հազվադեպ է: Նրա համարձակության պատճառը թերեւս ապրիլի 17-ին վարչապետի ու նաիրիտցիների հանդիպումն է, որի ընթացքում նաիրիտցիներին հերթական խոստումներն են տվել: Նիստից հետո լրագրողները Երվանդ Զախարյանից հետաքրքրվել են՝ ի՞նչ նորություն կա, ի՞նչ են պատրաստվում անել. «Մեկ շաբաթից ամեն ինչ պարզ կլինի»,-ասել է նախարարն ու շարունակել քայլել դեպի դուռը: Մեր թղթակցի հարցին, թե ողջ աշխատավա՞րձն են վճարելու, հեռվից կիսատ-պռատ արտաբերեց, թե իրենք մի ամսվանը վճարելու են, մնացածն էլ պարզ կլինի մեկ շաբաթից:
Հիշեցնենք, որ վարչապետի հետ հանդիպումից նաիրիտցիները դժգոհ են: Նա միայն խոստացել է մինչև այս ամսվա վերջ գործարանի նախկին և ներկա աշխատողներին վճարել մեկ ամսվա աշխատավարձ, չորս ամսով էլ հետաձգել նաիրիտցիների ուսանողների վարձերի վճարումը։ Նաիրիտցիները դժգոհ են, քանի որ ակնկալում էին ոչ թե մեկ, այլ մի քանի ամիսների վարձատրություն: