Հունանյանների հայրը մահացել է, բնակարանը դատարկ է

Հունանյանների հայրը մահացել է, բնակարանը դատարկ է

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները վաղուց այցելուներ չունեն: Եղբայրների միակ այցելուն հայրն էր՝ 37 թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը, սակայն, մահացել է 2012 թվականի օգոստոսին: Այս մասին մեզ հայտնեցին սոցապ բաժանմունքից, որը Հրաչիկ Հունանյանի թոշակն ուղարկում էր 4-րդ գյուղում գտնվող թիվ մեկ տուն-ինտերնատ, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին տարիները: Փաստորեն, Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը մահացել է 3 տարի առաջ: Ժամանակին նա խմբագրություններ էր այցելում եւ հոդվածներ գրում, իսկ «27»-ի գործով հարցաքննությունների ժամանակ հայտարարել էր. «Ես տեղյակ չեմ եղել, որ իմ որդիները պատրաստվում էին հոկտեմբերի 27-ին այդպիսի անմարդկային արարք կատարել»: Հրաչիկ Հունանյանի հարեւանները՝ Հարավ-արեւմտյան թաղամասի 35-րդ շենքի բնակիչները, ստույգ չգիտեին՝ արդյոք ծերունին կենդանի՞ է, թե՞ ոչ: Նրանք պատմեցին, որ ծերունին ծերանոցում երկու անգամ կոտրել է ոտքը, որից հետո այլեւս չի երեւացել շենքում: Հունանյանների բնակարանը՝ Անդրանիկի 35 շենքում, վաղուց դատարկ է: «Երբեմն այստեղ ինչ-որ երիտասարդ տղաներ են երեւում»,- ասաց Հրաչիկ Հունանյանի հարեւանուհին:



Հանգուցյալի կինը՝ Նաթելլան, որը բաժանված էր նրանից եւ ապրում էր Եվպատորիայում, նույնպես մահացել է, իսկ երրորդ որդին՝ Արմեն Հունանյանը, որը եւ հանդիսանում է Հունանյանների բնակարանի տերը, նույնպես բնակվում է Եվպատորիայում: «Երբ Երեւանում պայմանները վատ էին, նա գնաց Եվպատորիա»,- 99 թվականին «27»-ի գործով հարցաքննությունների ժամանակ պատմել էր Արմեն Հունանյանի մասին նրա հայրը: «Նա խոստացել էր գալ, սակայն հոր մահից հետո չի երեւացել»,- ասացին մեզ Հունանյանների հարեւանները: Իսկ տարածքն սպասարկող թիվ 034 փոստատան աշխատակիցն էլ ասաց, որ լսել է, թե բնակարանը վաճառել են: Կարեն եւ Նաիրի Հունանյանների այցելուների վերաբերյալ ՔԿՎ-ն տեղեկատվություն չի տրամադրում, պատճառաբանելով, որ այցելությունների մասին արգելված է տվյալներ հրապարակել:



Ինչ-որ չգրված օրենքով անգամ Հունանյանների առողջության կամ կալանավայրում նրանց պահման պայմանների մասին հետաքրքրվելը համարվում է դատապարտելի: Լրագրողներին պարզապես արգելված է այցելել Հունանյան եղբայրներին: Երբեմն ինչ-որ լուրեր, այնուամենայնիվ, դուրս են գալիս կալանավայրի պատերից: Օրինակ, որ Հունանյանը հոգեխախտ է եղել դեղերի ազդեցությունից, «բույսի» կյանք է վարում, առանց գիտակցելու, թե ինչ է իր հետ կատարվում: Կամ, որ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երեւան-Կենտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի խնդիրներով տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ եւ վիրահատել են:



Այս իրադարձությունը եւ հատկապես սույն հիվանդության առաջացման պատճառը՝ ուղիղ աղիքի լորձաթաղանթով թարախածին մանրէների ներթափանցում, երկիմաստ շշուկներ առաջացրեց եւ մեծ դժգոհություն այն ազատազրկվածների շրջանում, որոնք անհրաժեշտ բուժօգնություն չէին ստանում: «Էդ վիժվածքին բուժում են, իսկ մեզ դեղ էլ չեն տալիս»,- ասում էին նրանք: Դա անցյալ տարվա հուլիսն էր, իսկ 2015-ի հունվարին «Էմնիսթի ինթերնեյշնլ» (միջազգային համաներում) միջազգային կազմակերպությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ուղարկել է «Քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում եւ Հայաստանում. մտահոգություններ եւ առաջարկություններ» անունով զեկույց, որում նկարագրել է 27-ի ոճրագործության գործով մեղադրյալների վրա գործադրվող ճնշումներն ու բռնությունները: