Իմ հայրն իր ամբողջ կարողությունը թողել է «Վիլյամ Սարոյան ֆոնդին», այլ ո՛չ իր երեխաներին

Իմ հայրն իր ամբողջ կարողությունը թողել է «Վիլյամ Սարոյան ֆոնդին», այլ ո՛չ իր երեխաներին

Երբ ԶԼՄ-ներով լուր տարածվեց, որ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում աճուրդի է հանվելու ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ քննարկումներ սկսվեցին: Ակնհայտ էր, որ բոլորի սիրտը ցավում է, եւ շատերը կցանկանային Սարոյանի տունը տեսնել որպես գրողի տուն-թանգարան, գործող մշակութային կենտրոն: Մինչ ակտիվ քննարկումներն ընթանում էին, որ պետք է դիմել հայ իշխանավորներին կամ բարերարներին, որոշեցի համացանցով կապվել եւ հարց ուղղել Վիլյամ Սարոյանի որդուն՝ Արամ Սարոյանին: Արամ Սարոյանն ամերիկահայ բանաստեղծ, արձակագիր եւ թատերագիր է: Հայտնի է, որ նրա եւ Վիլյամ Սարոյանի հարաբերությունները բավական լարված են եղել:



«Հարգելի պարոն Արամ Սարոյան, ի՞նչ եք մտածում այն մասին, որ Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տունն այժմ վաճառվում է, արդյոք Դուք չէի՞ք ցանկանա գնել այն ու դարձնել Սարոյանի տուն-թանգարան կամ մշակույթի եւ գրականության կենտրոն»: «Իմ հայրն իր ամբողջ կարողությունը թողել է «Վիլյամ Սարոյան ֆոնդին», ոչ իր երեխաներին, ոչ էլ իր թոռներին: Ֆոնդը վաճառել է կարողությունը: Եվ այժմ այն նորից է վաճառվում: Լավագույն մաղթանքներով՝ Արամ»,- եղավ պատասխանը:
«Չէի՞ք ցանկանա հարցազրույց տալ «Հրապարակ» թերթին»,-եղավ մեր հաջորդ հարցը: «Ես հարցազրույց չեմ տա հորս մասին, դուք գիտե՞ք իմ գործերը»,- պատասխանեց: Պայմանավորվեցինք, որ կլինի հարցազրույց առանց Վիլյամ Սարոյանի կամ առանց նրանց հարաբերությունների հետ կապված հարցերի: Երբ հարցերն ուղարկեցինք, Արամ Սարոյանից եկավ հետեւյալ պատասխանը. «Ես ժամանակ չունեմ պատասխանելու այս ծավալուն հարցերին, քանի որ ես նմանատիպ հարցերի արդեն պատասխանել եմ իմ գրքում, ահա ձեզ մի հարցազրույց, որ տվել եմ տարիներ առաջ, որը կարող եք թարգմանել հայ ընթերցողների համար, եթե այն ձեզ դուր գա»:



Ափսոս, որ Արամ Սարոյանի շփումը հայկական մամուլի հետ սահմանափակվեց այսքանով, իսկ մեզ թվում էր՝ սառույցը հալվել է: Իհարկե, մենք չէ, որ դատելու ենք Արամին, ու մենք չգիտենք, թե նրա խռովության մեջ որքան սեր կա հոր նկատմամբ, կամ որքան սեր է տածել Սարոյանը որդու նկատմամբ՝ նրան հանդիմանելով: Ուղղակի մի փոքր պարզաբանում. Արամ Սարոյանն իր հուշերում մեղադրում է հորն այնպիսի «մեղքերի» մեջ, որոնք մեզ այնքան ծանոթ են՝ Սարոյանը եղել է քննադատող հայր, այնպիսին, թերեւս, ինչպիսին է հայ ծնողների մեծամասնությունը, պարզապես Արամը, մեծացած լինելով ԱՄՆ-ում, գուցե չի տեսնում քննադատության մեջ թաքնված այն մեծ հայկական սերը: Օրինակ, Արամն իր հուշերում գրում է. «1978 թվականին ես ավտովթարի ենթարկվեցի, ջախջախվեց ոտքիս կոճը: Այս առիթով ես մի հիմար եւ հանդիմանական նամակ ստացա նրանից: Նա ենթադրում էր, թե ես սխալ էի վարել մեքենան, գուցե եղել էի թմրադեղի ազդեցության տակ եւ այլն»: Այս ու նմանատիպ այլ պատճառներ են Արամին ստիպել խռովել հորից...



Արամ Սարոյանը Ֆեյսբուքում լուսանկարներ չի դնում հոր հետ, փոխարենը նրա որդին` Աջ Սարոյանն է (Aj Saroyan) ակտիվ կիսվում հոր եւ պապիկի լուսանկարներով: Արամ Սարոյանը բնակվում է Լոս Անջելեսում, ամուսնացած է, ունի երեք երեխա: Նկարչուհի կինն ազգությամբ իռլանդացի է:



Աշխեն  ՔԵՇԻՇՅԱՆ