Մեկ էլ ե՞րբ եռյակ կունենանք

Մեկ էլ ե՞րբ եռյակ կունենանք

Հայաստանում քառյակների, եռյակների և զանազան այլ միացությունների ժամանական անցել է: Իսկ հրաշալի միացությունների ժամանակն անցել է, թվում է, ընդմիշտ: Հայաստանի ներքաղաքական դաշտում «եղունգ ունես՝ գլուխդ քորի»-ի ժամանակներ են սկսվում:



Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ԲՀԿ մնացորդացը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», «ինչպես ուռին ու բարդին, ամեն մեկն իրա դարդին» է: Հարցնում ես՝ հը՞, վերջացա՞վ կռիվ կինոն, աչքերը փախցնում են, թե՝ ինչո՞ւ վերջացավ, դեռ կլինեն հարցեր որ կհամագործակցենք: Ստում են: Ստում են անողոքաբար: Փետրվարի 12-ից այսկողմ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» որևէ քայլ չեն արել: Ենթադրենք՝ ԲՀԿ-ն կիսամեռ էր, իսկ մյուսնե՞րը: Վիճակը նման էր այն վիճակին, որ գալիս ես գործի ու տեսնում ես՝ հիմնարկի դուռը փակ: Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», այո, այո, գործի էին գնում ԲՀԿ-ի մոտ:



Վերջին շրջանում իշխանությունները ակտիվ շրջանառում են կառավարության փոփոխության մասին լուրերը: Ոքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել, որովհետև լուրը բաց են թողնում իշխանությունները, իսկ այն շրջանառում են ամենատարբեր տիպի լրատվամիջոցները, որոնք, լուն ուղտ սարքած, արդեն պատմում են, որ տվյալ նախարարը դեսպան է գնալու, իսկ այսինչ այսինչյանը նշանակվելու է նրա փոխարեն: Դե իսկ Հովիկ Աբրահամյանին, ըստ հայկական մամուլի, «հեսա» ընդհանրապես հանելու են գործից:



Այս կարգի լուրերով իշխանությունը շարունակում է պահել քաղաքական ուժերի համար ամենաանտանելի սպասողական, պասիվ վիճակը՝ այդ ուժերին հնարավորություն տալով ծանրութեթև անել վերջին տարիների արած-չարածն ու ապագա հնարավոր դիրքորոշումը:



Քանի կար՝ օրակարգի թիվ մեկ հարցը սահմանադրական փոփոխություններն էին: Այսօր առաջին տեղում կառավարությունում սպասվող փոփոխություններն են: Բոլորը սպասում են այդ և ոչ թե սահմանադրական փոփոխություններին: Սա պատահական չի արվում: Այս օրերին են ընթանում հիմնական տեղաշարժերը և այս օրերին է որոշվում 2017 թ. խորհրդարանում, ով գիտի, գուցե նաև կառավարությունում, տեղ ունենալու հարցը: Եվ երբ հատկապես այս օրերին եռյակից որևէ մեկը հայտարարում է եռյակի զոմբիացման մասին, մի քիչ անհավանական է հնչում: