Խեղկատակությո՞ւն, այո, խեղկատակություն

Խեղկատակությո՞ւն, այո, խեղկատակություն

Երբ Ժիրայր Սեֆիլյանին եւ ՀԽ այլ անդամների ձերբակալեցին, ՀՀԿ-ի որոշ պատկառելի դեմքեր, վստահաբար, հանրության զայրույթը փարատելու նպատակով, հայտարարեցին, որ ՀԽ-ն եւ նրա ղեկավարները դրսից ֆինանսավորում ունեն եւ հրահրվում են փողը տվողների կողմից: Հասարակությունն էլ, գիտե՞ք ինչպես, երբ մի գործում ԱԱԾ կա խառնված, հատուկ քննիչներ եւ այլն, յուղի տեղ է ընդունում «դրսի» մասին նույնիսկ ամենափոքր ակնարկը: Ասել է թե՝ ՀՀԿ պատկառելի դեմքերի հայտարարություններին հավատացողներ, այնուամենայնիվ, եղան:



Այսօր, երբ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընկերներին ազատել են կալանքից (մենք ողջունում ենք այդ քայլը), ցանկալի կլիներ լսել ՀՀԿ նույն պատկառելի դեմքերին, թե այդ ինչպես է պատահել, որ դրսից կառավարվող այդ վտանգավոր մարդկանց ազատեցին ու ասացին` գնացեք ձեր գործին:



Չկիսելով հանդերձ Հիմնադիր խորհրդարանի սեւեռուն գաղափարներն ու մարտավարությունն ամբողջությամբ, չեմ էլ կարող չհամաձայնել Ժիրայր Սեֆիլյանի այն տեսակետին, որ իրենց հետ տեղի ունեցածը խեղկատակություն էր: Բնականաբար, չէր կարելի մարդկանց, ամենածանր մեղքեր վերագրելով, ձերբակալել, իսկ հետո, որպես մանկապարտեզի երեխաների, ազատ արձակել: Սա նորմալ չէ, երբ խոսքը պետության եւ պետական անվտանգության մասին է:



Իսկ հիմա` ամենակարեւորի մասին: Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները հասկացա՞ն, արդյոք, որ, իրենց խոսքով, այս խեղկատակության մեջ իրենք էլ իրենց մեծ ներդրումն ունեցան: Գոնե հիմա կարո՞ղ են բացատրել, թե ինչ էին պատրաստվում անել` Էրեբունի թանգարանի հարակից տարածքում ուսապարկերով եւ երեք օրվա սնունդով հավաքվելուց հետո: Կարո՞ղ են բացատրել` ռեժիմի դե՞մ էին պայքարում, թե՞ ազգային ազատագրական պայքար էին սկսել: Վերջապես` քաղաքական դաշտում ունեի՞ն հարաբերություններ այլ քաղաքական ուժերի հետ, թե՞ «սամ սեբե ռեժիսոր» տարբերակով էին ուզում քաղաքական հրավառություն սարքել:



Ինչո՞ւ ենք նշում այս վերջինը, որովհետեւ ՀԽ-ն, աջակցություն չգտնելով ոչ մի քաղաքական ուժի կողմից (ՀԽ-ի նպատակներն անհասկանալի էին), սկսել էր քայքայիչ աշխատանքներ տանել ժամանակին այս կամ այն կուսակցության մեջ եղած անկայուն տարրերի շրջանում ու վերջիններիս «մեծադղորդ» հայտարարությունների շնորհիվ պատրանք ստեղծել, թե Հիմնադիր խորհրդարանին մարդիկ են միանում: Նույնը կարելի է ասել մեդալաթափ եղած այն ազատամարտիկների մասին, ովքեր մամուլի ակումբներում ցուցադրաբար հրաժարվում էին արցախյան ազատամարտի համար ստացած մեդալներից ու «վաշտերով» իբր միանում ՀԽ շարժմանը: Այս ամենն այնքան ծիծաղելի էր, որ նույնիսկ պրոֆեսիոնալ խեղկատակները կնախանձեին նրանց հունարին:



Վերջում երկու խոսք էլ «քաղբանտարկյալների» մասին ասենք: Բացի Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներից, գտնվեցին էլի մեկ- երկու հոգի այլ կուսակցություններից, որ «քաղբանտարկյալներին» ազատելու կոչերով հանդես եկան: Չգիտեմ` մոդային տուրք տալու հետեւանք էր դա, թե ինչ, բայց այսօր այդ մեկ-երկու հոգին էլ խեղկատակի շորերի մեջ են պատկերանում, եւ լավ կլիներ, այդ շորերից ազատվելու համար մի կես բերան հայտարարեին, որ իրենք սխալվել են` զանազան եվրակառույցներում քաղբանտարկյալ անվանելով Ժիրայր Սեֆիլյանին ու բանտարկված մյուս ՀԽ-ականներին:
Իրոք որ այս ամենը, որ կողմից էլ նայում ես, խեղկատակություն է: