Օսլայած օձիքով բարեփոխիչ Արթուր Օսիկյանը չի կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ

Օսլայած օձիքով բարեփոխիչ Արթուր Օսիկյանը չի կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ

ՔԿՀ վարչության պետ՝ հոգով ոստիկան եւ բռնությունների կողմնակից Հայկ Հարությունյանի փոխարինումը մեկ այլ ոստիկանով՝ «ինտելիգենտ» փողկապավոր Արթուր Օսիկյանով, «բեսպրեդելից» չփրկեց ՀՀ ազատազրկման վայրերը: Կալանավայրերից այսօր էլ պարբերաբար սարսափելի լուրեր են սպրդում, իսկ վարչությունում ինտրիգներ են եռում: Այս մասին վկայում է անստորագիր նամակների հոսքը, որոնց հեղինակները հայտնում են, որ քրեակատարողական համակարգը կիսվել է երկու թեւի՝ Օսիկյանի եւ Ռաֆայել Նիկոլայիչի (նկատի ունեն անվտանգության գծով տեղակալ, ՔԿ համակարգի ստվերային կարդինալ Ռաֆայել Հովհաննիսյանին): Հին աշխատողները խմբվել են Նիկոլայիչի շուրջ եւ, ըստ նամակագիրների, փորձում են ձախողել Օսիկյանի աշխատանքը: Ակնհայտ է, որ նամակագիրները հենց Օսիկյանի թիմից են: Բայց ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը, եթե մարդը, չնայած իր գրագիտության աստիճանին, չի ցանկանում ծրագրերով կիսվել հանրության հետ եւ դարձել է ՀՀ պաշտոնական վերնախավի «ամենափակ» եւ ամենամութ ֆիգուրներից մեկը, ԱԱԾ պետից հետո, իսկ նրա ղեկավարած կառույցը վերջնականապես ընկղմվել է կոռուպցիայի ճահիճը:



«ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ» ԳԵՍՏԱՊՈՅԱԿԱՆՆԵՐԸ



Սա են վկայում քրեակատարողական հիմնարկներից արտահոսող վատ լուրերը, որոնք լրագրողներին են հասնում հիմնականում երկու ճանապարհով՝ դատապարտյալների, նրանց հարազատների եւ փաստաբանների միջոցով կամ ՀՔԾ պաշտոնական խողովակներով: Վերջին շաբաթում ՀՔԾ-ն միաժամանակ երկու քրեական գործ հարուցեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարված դեպքերի փաստով: Մեկը՝ իշխանական լիազորություններն անցնելու մեղադրանքով, հիմնված է հոգեխախտ, գրեթե անմեղսունակ մի դատապարտյալի բողոքի վրա այն մասին, որ «Նուբարաշենի» աշխատակիցներն իրեն տարել են առանձին սենյակ, գցել գետնին, ծեծել, գլխին վնասվածքներ հասցնելով, եւ զոռով, իր կամքին հակառակ, հոգեմետ դեղ ներարկել: Սարսափելին այն է, որ ծեծողը հենց բերդի բժիշկն է եղել: Սրանով համազգեստավոր խուլիգանները չեն բավարարվել եւ երկու օր անց նույն հիվանդին կրկին ծեծել են:



«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկ այլ խուլիգանական խումբ խուզարկություն է կատարել դատապարտյալ Վարդան Հ.-ի խցում, որից հետո նրա անձնական դարակից 1.000 ԱՄՆ դոլար է անհետացել: Ի՞նչ գործ ունի 1000 դոլարը դատապարտյալի մոտ, արդյոք արգելված չէ՞ նրանց գումար պահելը, այն էլ արտարժույթով: ՔԿՀ միակ հասանելի պաշտոնյան՝ մամուլի գծով աշխատակից Գոռ Ղլեչյանն ասաց, որ, այո, կառավարության որոշմամբ արգելված է: Իսկ հարցին, թե, ուրեմն, ինչպե՞ս է եղել, որ դատապարտյալի դարակում դոլար է հայտնվել, նա պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել, դիմեք ՀՔԾ»: Գործը հարուցված է զգալի չափերի գողության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով: Այս փուլում «Նուբարաշենի» աշխատակիցներից ոչ մեկին դեռ մեղադրանք չեն առաջադրել: Նրանք շարունակում են պաշտոնավարել:



ՊԵՏԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՀԵՏ ԿԻՍՈՎԻ ԳՈՐԾ ԵՆ ԱՐԵԼ



Շարունակում է պաշտոնավարել նաեւ «Հրազդան» ՔԿՀ պետի ռեժիմի գծով տեղակալ Սամվել Բաբայանը, որը կալանավոր Արմեն Շամիրյանի հետ «կիսովի» բջջայինների գործ է արել, դրանք վաճառելով ազատազրկված անձանց: Մանրամասներին ծանոթանալիս զարմանում ես. էլ ի՞նչ պետք է անեն համազգեստավոր գողերը, պուճուրիկ գեբելսները, որ նրանց արգելեն աշխատել մարդկանց հետ: Առքուվաճառքը կատարվել է դրսում: Շամիրյանի հարազատները հեռախոսների գումարները վերցրել են գնորդների հարազատներից, իսկ պետի տեղակալը դրանք մտցրել է ՔԿՀ: Եկամուտը բաժանելիս պետի տեղակալը «քցել» է դատապարտյալին, նրան չի տվել պայմանավորված գումարը: Դա քիչ է՝ նաեւ խուզարկել է «գնորդներին» եւ առգրավել բջջայինները: Բայց սա էլ է քիչ: «Հրազդան» կալանավայրի հետաքննիչներից մեկն Արմեն Շամիրյանի գլխին նոր գործ է սարքել: Շամիրյանի դեմ դիմում է կորզել մեկ այլ դատապարտյալից (նեղ աշխարհի մարդկանց ճնշելը հեշտ է` Ս. Ս.), ապա առաջարկել է Շամիրյանին հետ վերցնել բողոքը:



ՈՒՐ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ «ԾՈՎԱՀՐԵՇԻ» ՈՏՔԵՐԸ



Արդեն 6 ամիս է՝ գործով նախաքննություն է գնում, բայց ՔԿՀ աշխատողներից ոչ մեկը կալանավորված չէ, բոլորը գնում են աշխատանքի: Մինչդեռ բացահայտումը բարդ չէ: Շամիրյանը նույնիսկ վաճառված հեռախոսների անհատական կոդերն է տրամադրել իրավապահներին: Հեռախոսների մեծ մասն էլ առգրավված է, կալանավայրում է: Մնում էր ընդամենը համապատասխանությունը նայել եւ գնահատական տալ: Ի՞նչ ընթացք ստացավ այս գործը, հարցրինք Շամիրյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանին: «Պաշտպանյալս մինչ օրս վկայի կարգավիճակում է, մենք փաստաթղթեր չենք ստորագրում, որ հասկանանք, թե ինչ է արվում: Բայց մտավախություն ունենք, որ քննությունը դանդաղ է ընթանում:



Շամիրյանը շարունակում է մնալ կալանքի տակ, որոշակի մեսիջներ են նրան գնում, որ խելոք մնա: Հիմա մի գործ էլ այդ ճնշումների վերաբերյալ է հարուցել ՀՔԾ-ն, եւ միացվել է հիմնական գործին»,- ասաց նա: Ի դեպ, մեր տեղեկություններով, տեղակալներից երկուսն են այս գործով անցնում, նաեւ ՔԿՀ հասարակ աշխատողներ: Սա տիպիկ կոռուպցիոն շղթա է, որի վերջը, ըստ ՀՔԾ մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանի, դեռ չի երեւում: Բայց, դատելով թվերից, պատասխանատու անձանց շրջանակը պետք է որ լայն լինի: Մոտ 500 հեռախոս է վաճառվել ազատազրկված անձանց, իսկ ամենահասարակ հեռախոսը, որը քաղաքում 20 հազար արժե, կալանավայրի ներսում 50 հազարով է վաճառվում: Անգամ ամենաուժեղ պետի տեղակալը չէր կարող նման առեւտուր կազմակերպել, առանց մյուսների հետ կիսվելու, քանի որ եթե նրանք փայ չունենային, ուղղակի բռնել կտային: Դեպքից հետո Հրազդանում պետ է փոխվել: ՔԿՀ-ում էլ ծառայողական քննություն է կատարվել, բայց ոչինչ չի պարզվել: Կզարմանայինք, եթե պարզվեր: Ահա այսպիսի բարեփոխումներով է զբաղված Արթուր Օսիկյանը:



ՀԳ. Մենք զրուցեցինք նաեւ կալանավայրերում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանի հետ: Նա ասաց, որ մայիսին մի քանի այցելություն է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ: Վերջին դեպքերի մասին տեղյակ չէր, բայց խոստացավ այցելել հոգեկան հիվանդին, որին պարբերաբար ծեծում են: