Քաղաքապետարանը «Անուշարանին» գումար չի փոխանցել

Քաղաքապետարանը «Անուշարանին» գումար չի փոխանցել

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ որոշել է ուրախացնել մանկապարտեզների երեխաներին և տարել է նրանց իր ընտանիքին պատկանող «Անուշարան» գործարան։ Երեխաները կլոունադա են դիտել, երգել են և պարել, և իհարկե, քաղցրավենիք են կերել։ Սամվել Բալասանյանը թոռնիկի հետ նույնպես այնտեղ է եղել և մի լավ զվարճացել է։ Գործարանում քաղաքապետը ելույթ է ունեցել և ասել է, որ ինքը միշտ պատրաստ է երեխաների իրավունքները պաշտպանել։ Բայց Գյումրիում հիշում են, թե ինչպես էին մանկապարտեզներին շուկայականից 20-25 տոկոսով բարձր գներով սնունդ մատակարարում և 1800 դրամանոց միսը դեռ անցյալ տարի գնում էին 3500 դրամով։ Հիմա էլ  Գյումրիում արդեն լուրեր են պտտվում, որ հյուրասիրությունը այնքան էլ ձրի չի եղել, և որ «Անուշարան» գործարանը քաղաքապետարանի բյուջեից գումար է ստացել հունիսի 1-ի ծախսերի համար։ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը «Հրապարակին» հայտնեց, որ քաղաքապետարանը հունիսի 1-ի տոնի կապակցությամբ հատկացրել է մոտ 1 մլն դրամ։ «Այս գումարով մենք խաղալիքներ ենք գնել 24 մանկապարտեզների սաների համար, թխվածքներ և քաղցրավենիք ենք գնել, ինչպես նաև հրապարակային միջոցառումներ ենք կազմակերպել, որոնց մասնակցել են հրավիրյալ խմբեր», - ասաց Լենա Ջիլավյանը։ Արդյո՞ք քաղցրավենիքը «Անուշարանից» էր։ «Ոչ, մենք տարբեր տեղերից ենք վերցրել, չնայած, լավ կլիներ, որ «Անուշարանից» գնեինք։ Նրանց արտադրանքը որակով է և ավելի մատչելի»։