Փաստաբանը ազատություն է պահանջելու սպանության մեջ հանիրավի դատապարտված կնոջ համար

Փաստաբանը ազատություն է պահանջելու սպանության մեջ հանիրավի դատապարտված կնոջ համար

Փաստաբան Սեդա Սաֆարյանը հունիսի վերջին վճռաբեկ դատարանից պահանջելու է ազատել պատժի կրումից իր պաշտպանյալ Նարինե Նալբանդյանին, որը դատապարտվել էր 2004 թվականին կատարված սպանության համար և արդեն 10-ը տարի է, կանավայրում է։ Դեռ մեկ տարի էլ պետք է նստեր, բայց եղավ Եվրոդատարանի վճիռը, որով խախտված է ճանաչվել Նարինեի, նրա ամուսնու՝ Բագրատ Նալբանդյանի և դստեր՝ Արևիկի արդար դատաքննության իրավունքը և սահմանվել է, որ հայկական դատարանի դահլիճի մթնոլորտը թույլ չի տվել արդյունավետ պաշտպանություն իրականացնել, որ նրանց նկատմամբ խոշտանգում և բռնություններ են եղել։ Դեպքը, որով դատապարտել են ամուսիններին, տեղի է ունեցել 2004 թվականին։ Սպանել էին ապա խոշտանգել և հորը գցել նրանց դստեր դասընկերուհուն՝ Սյուզիին։ Դատաքննության ընթացքում իրավապահների որդիների անուններ էին շրջանառվում, որոնք, ըստ տարածվող լուրերի, իրական մեղավորներն էին։ Քննությունն ընթացավ կոպիտ խախտումներով, իսկ դատարանում կոնֆլիկտներ էին լինում, ծեծ ու ջարդ, վիրավորանքներ, փաստաբանին թույլ չտվեցին պաշտպանական ճառ ասել։ «Մի ամսից ուժի մեջ կմտնի եվրոդատարանի վճիռը, - ասում է Սեդա Սաֆարյանը, - ընթացակարգն այնպիսին է, որ պետք է բողոք բերեմ, որում պետք է նոր հանգամանքով գործը վերանայելու միջնորդություն բերեմ և խնդրեմ ազատել Նարինե Նալբանդյանին»։ Հնարավո՞ր է, որ դատարանը չազատի Նարինեին, համարելով, որ իրավապահներն իրենց նոր քննությունը առանց նրան ազատելու էլ կիրականացնեն։ «Դա էլ կարող են ասել։ Որտեղ 10 տարի, այնեղ 11 տարի, երևի, բայց հույս ունենք, որ այս անգամ լուրջ կմոտենան այս գործին»։ Նարինեն, որը «Աբովյանի» կանանց գաղութում է, առաջին պահերին չի հավատացել եվրոպական արդարադատությանը։ «Սկզբում չէր հասկանում, ինչ է կատարվել, բժժած էր, հետո հուզվեց, լացեց։ Հիմա անհամբեր սպասում է բողոքարկմանը», - պատմում է փաստաբանը։ Երբ Նարինեն նոր էր ազատազրկվել, տղան փոքր էր, հիմա 18 տարեկան է, հունիսին բանակ է գնում։ Կանանց գաղութում Նարինե Նալբանդյանը հպարտություն չի խաղացել, մաքրուհի է աշխատել տարիներ շարունակ և ամբողջ գումարը փոխանցել է սպանված երեխայի ընտանիքին, ինչը սահմանված էր նրա դատավճռով։ Բայց փողն ուղարկելիս նեղվել է․ «Ախր, նրանք հո գիտեն, որ ես չեմ սպանել, ի՞նչ խղճով են իմ փողը ամեն անգամ վերցրել»։ Ընդհանուր 2 մլն դրամից ավելի գումար պետք է փոխանցեր այս տարիներին ազատազրկված կինը։ Եվրոդատարանի վճռով ընտանիքը ստանալու է 62 հազար եվրո։