Ազատություն են պահանջում սպանության համար հանիրավի դատապարտված կնոջ համար

Ազատություն են պահանջում սպանության համար հանիրավի դատապարտված կնոջ համար

Փաստաբան Սեդա Սաֆարյանը հունիսի վերջին վճռաբեկ դատարան է դիմելու իր պաշտպանյալ Նարինե Նալբանդյանին, որը դատապարտվել է 2004 թվականին կատարված սպանության համար եւ արդեն 10 տարի կալանավայրում է, պատժի հետագա կրումից ազատելու պահանջով։ Դեռ մեկ տարի էլ պետք է նստեր, բայց եղավ Եվրադատարանի վճիռը, որով խախտված է ճանաչվել Նարինեի, նրա ամուսնու՝ Բագրատ Նալբանդյանի եւ դստեր՝ Արեւիկի արդար դատաքննության իրավունքը, եւ սահմանվել է, որ հայկական դատարանի դահլիճի մթնոլորտը թույլ չի տվել արդյունավետ պաշտպանություն իրականացնել, որ նրանց նկատմամբ խոշտանգում եւ բռնություններ են եղել։ Դեպքը, որով դատապարտել են ամուսիններին, տեղի է ունեցել 2004 թվականին։ Սպանել էին, ապա խոշտանգել եւ հորը գցել նրանց դստեր դասընկերուհուն՝ Սյուզիին։



Դատաքննության ընթացքում իրավապահների որդիների անուններ էին շրջանառվում, որոնք, ըստ տարածվող լուրերի, իրական մեղավորներն էին։ Քննությունն ընթացել է կոպիտ խախտումներով, իսկ դատարանում կոնֆլիկտներ, ծեծուջարդ է եղել, վիրավորանքներ են հասցվել փաստաբանին՝ թույլ չտալով պաշտպանական ճառ ասել։ «Մի ամսից ուժի մեջ կմտնի Եվրադատարանի վճիռը,- ասում է Սեդա Սաֆարյանը,- ընթացակարգն այնպիսին է, որ պետք է բողոք բերեմ, որում պետք է նոր հանգամանքով գործը վերանայելու միջնորդություն բերեմ եւ խնդրեմ ազատել Նարինե Նալբանդյանին»։ Հնարավո՞ր է, որ դատարանը չազատի Նարինեին, համարելով, որ իրավապահներն իրենց նոր քննությունն առանց նրան ազատելու էլ կիրականացնեն։ «Դա էլ կարող են ասել։ Որտեղ 10 տարի, այնտեղ՝ 11 տարի, երեւի։ Բայց հույս ունենք, որ այս անգամ լուրջ կմոտենան այս գործին»։ Նարինեն, որն «Աբովյանի» կանանց գաղութում է, առաջին պահերին չի հավատացել եվրոպական արդարադատությանը։



«Սկզբում չէր հասկանում, թե ինչ է կատարվել, բժժած էր, հետո հուզվեց, լացեց։ Հիմա անհամբեր սպասում է բողոքարկմանը»,- պատմում է փաստաբանը։ Երբ Նարինեն նոր էր ազատազրկվել, տղան փոքր էր, հիմա 18 տարեկան է, հունիսին բանակ է գնալու։ Կանանց գաղութում Նարինե Նալբանդյանը հպարտություն չի խաղացել, մաքրուհի է աշխատել տարիներ շարունակ եւ ամբողջ գումարը փոխանցել է սպանված երեխայի ընտանիքին, ինչը սահմանված էր նրա դատավճռով։ Բայց փողն ուղարկելիս նեղվել է․ «Ախր, նրանք հո գիտեն, որ ես չեմ սպանել, ի՞նչ խղճով են իմ փողն ամեն անգամ վերցրել»։ Ազատազրկված կինն այս տարիներին ընդհանուր 2 մլն դրամից ավելի գումար պետք է փոխանցեր։ Իսկ Եվրադատարանի վճռով ընտանիքն ստանալու է 62 հազար եվրո։