Փախեփախի օր կառավարությունում

Փախեփախի օր կառավարությունում

Այսօր ՀՀ կառավարության  անդամների համար փախեփախի օր էր։ Ոչ միայն լրագրողներն էին սպասում նրանց կառավարության մուտքի մոտ իրենց համար հատուկ փռած խալու կողքին /ի դեպ, լրագրողներին այդ խալու վրա կանգնել չի կարելի, սա միայն նախարարաց տեղն է- Ս․Ս․/, այլև նաիրիտցիների հոխորտացող և ցանկացած նախարարի համար վտանգավոր բազմությունը։ Ահա ինչու նախարարեները ծլկում էին շենքի հետնամասից։ Օրվա հերոս մի քանի խիզախներն էին երկու Հարությունյանները՝ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանը, Աշոտյանի մյուս տեղակալը՝ Մանուկ Մկրտչյանը։ Բայց լրագրողները նրանց հարց չունեին, իսկ նաիրիտցիները դեմքով չէին ճանաչում։ ՄԻՊ պաշտպան Կարեն Անդրեսայանը հանդգնեց հատել լրագրողական «ռուբիկոնը»։ Նա հերթապահ պատասխան տվեց աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման մասին տրված հարցին, որը վերաբերում էր էլիտար բնակարանաշինության զոհերին։ «Որոշակի զանգվածի համար դա կարող է կարգավորում տալ, բայց կան հարյուրավոր, հազարավոր մարդիկ, որոնց խնդիրներին այդ կարգավորումը չի կարող լուծում տալ, որովհետև հիմա նոր է կարգավորումը լինելու, բայց ապագայում կարող է դրական ազդեցություն ունենալ»։ Մյուս հարցը լրագրողի բերանում թողնելով, ՄԻՊ-ը փախավ, խուսափելով նաև նաիրիտցիներից։ Վերջիններիս համար միևնույն էր, ով է դուրս գալու կառավարությունից։ Ով էլ դուրս գար, հում-հում ուտելու էին։ Իհարկե, նրանք կնախընտրեին հում-հում ուտել Հովիկ Աբրահամյանին, սակայն շարքային մի չինովնիկ դուրս հայտնեց, որ վերջինս պատրաստվում է մեկնել արտասահման անմիջապես կառավարության նիստից հետո։ Մեծ հաշվով, միակ տարբերությունը լրագրողների և նաիրիտցիների միջև այն էր, որ առաջինները կառավարության շենքի ներսում էին կանգնած, իսկ նաիրիտցիները՝ դրսում։ Սակայն երկուսից էլ նախարարներն ամուր պաշտպանված էին, երկուսի համար էլ անհասանելի։ Նախկինում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, լրագրողները նախարարներին սպասում էին կառավարության  նիստերի դահլիճի դռան մոտ, և չորրորդ իշխանավորներից փախչելու նրանց հնարավորությունը 0,0001 տոկոս է։ Նույնիսկ նախագահ Քոչարյանը, երբ ներկա էր լինում կառավարության նիստերին, անպայման դուրս էր գալիս  խոսելու։ Այժմ կառավարության անդամները լրագրողներից պաշտպանված են էկրաններով և մոնիտորներով։ Անմիջական շփումը բացառվում է, եթե տվյալ իշխանավորը ցանկության չունի որևէ լրագրողի, ՀՀ հասարակ քաղաքացու, անցորդի երես տեսնելու, դա անում է հեշտությամբ։ Գուցե ս՞ա է պատճառը, որ մեր կառավարիչները պատկերացում չունեն, թե ինչպես է ապրում ժողովուրդը։