Զվարթնոց տաճարում հնչելու է հոգևոր երաժշտություն. Մուտքն ազատ է

Զվարթնոց տաճարում հնչելու է հոգևոր երաժշտություն. Մուտքն ազատ է

Զվարթնոց տաճարում այսօր տեղի կունենա դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, համերգը` «Լույս ի լուսոյ» խորագրով: Համերգը սկսվելու է 20:00-ին է, մուտքն ազատ է: Այս մասին տեղեկանում ենք Տ. Համասյանի ֆեյսբուքյան էջից:



«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Տիգրանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։ Նախագծի շրջանակում Տիգրանը կատարում է նաև Նարեկացու «Տաղ Յարութեան»-ը:



Նախագիծը յուրովի է ներկայացնում հայկական հոգևոր երաժշտությունը, երախտագիտություն հայտնում դրա հիմնադիրներին՝ հնչեցնելով նրանց աշխատանքները հին եկեղեցիներում ու վանքերում, որտեղից այն սկիզբ է առել: Պահպանելով 8 ձայնեղանակային համակարգը և օրենքները, նախագծով նոր իմպրովիզացիոն մտածելակերպ և շունչ է հաղորդվում հայկական հոգևոր երգեցողությանը:



«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը սկսվել է մարտի 24-ին երևանյան պրեմիերայով և շարունակվում է: Այս ամսվա ընթացքում նախագծի շրջանակում համերգներ են լինելու Ստեփանակերտում և Գյումրիում, այնուհետև նաև Թուրքիայում: Տարվա ընթացքում համերգներով հանդես են գալու Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում: