ՀՀ քաղաքացին ապահովագրված չէ շառից, փորձանքից եվ հիմար վիճակից

ՀՀ քաղաքացին ապահովագրված չէ շառից, փորձանքից եվ հիմար վիճակից

Անցյալ շաբաթ զարմանալի մի կոնֆլիկտի մասին գրեցինք։ ԱՄՆ հայ վետերանների միության նախագահ Վիգեն Ղազարյանը, որը ցանկանում է բարեգործական ճաշարան հիմնել Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող եւ իր սեփականությունը հանդիսացող շենքում, չի կարողանում իրագործել նպատակը։ Բանն այն է, որ մինչ վետերանը Գլենդելում է եղել, նրա շենքի վերեւի հարկում Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Արշակ Սվազյանը ֆազենդա է կառուցել։ Բարեգործը դիմել է դատարան, հասել նրան, որ դատարանն ապօրինի կառույցը քանդելու որոշում է ընդունել, բայց ֆազենդայի տերն անհետացել է, եւ ԴԱՀԿ ծառայությունն այժմ ամերիկահայից է պահանջում քանդման գումարները՝ 3 մլն դրամ։ «Ինչո՞ւ ես պետք է վճարեմ ուրիշի ապօրինությունների համար,- հարցնում է ամերիկահայ գործարարը,- եւ ինչո՞ւ երեք մլն դրամ, եթե ես կարող եմ, ասենք, մի 1000 դոլարով քանդել տալ հարեւանի «ստեղծագործությունը»»։ Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից վերջապես ստացանք Վիգեն Ղազարյանի հարցի պատասխանը։ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝



«1. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:



2. Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից»:
Բացի այդ, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`
7) գույքի փոխադրման համար օգտագործելու պարտատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ պարտատիրոջ հաշվին»:
Ինչ վերաբերում է պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությանը, ապա այդ դեպքում պարտապանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում, եւ կատարողական վարույթն ավարտվում է:
Այսպես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Պարտապանի եւ (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին»:



Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝
«1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`
2) անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի եւ (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն»:
Պարտապանին հայտնաբերելու դեպքում կատարողական վարույթը վերսկսվում է, եւ կատարողական գործողությունները շարունակվում են օրենքով սահմանված կարգով»: Ահա այսպես։ Ի՞նչը պետք է ստիպի ԴԱՀԿ-ին ձեւականորեն հետախուզում հայտարարել, ապա ավարտել վարույթը, արձանագրելով, որ «պարտապանի գտնվելու վայրը պարզել անհնար է»։ Չէ՞ որ իր գումարը ԴԱՀԿ-ն արդեն ստացել է, եւ, տրամաբանության համաձայն, այս ծառայության համար միեւնույն է՝ կգտնվի՞ այլ վճարող, թե՞ ոչ։



Ստացվում է, որ օրենքով մարդը կարող է ապօրինի շինարարություն իրականացնել, շենք, կրպակ սարքել, տարածք այլանդակել, ուրիշի սեփականություն փչացնել, ապա անհետանալ, իսկ նրա գործողությունների համար պատասխանատու է լինելու տուժողը։ ԴԱՀԿ-ն, իհարկե, չի կարող իր հաշվին քանդման աշխատանքներ կատարել, բայց ամեն մի գործարքից իր տոկոսը նա ունի։ Անգամ մի հասարակ ճանապարհատրանսպորտային խախտման համար գանձվող տուգանքում նա ունի իր ստանալիքը։ Այսինքն, ստացվում է, որ Հայաստանում պետությունը, պետական ծառայությունը, չինովնիկը երբեք չեն տուժում։ Իսկ հիմար եւ անհեթեթ իրավիճակներում միակ զոհը ՀՀ քաղաքացին է, որը կարող է ապավինել միայն Բարձրյալի կամքին։