Նույնիսկ լավ է, որ Հայաստանն ու Վրաստանը անդամակցում են տարբեր տնտեսական միությունների. ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղնախարարին

Նույնիսկ լավ է, որ Հայաստանն ու Վրաստանը անդամակցում են տարբեր տնտեսական միությունների. ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղնախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիային, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Զրուցակիցները փաստել են, որ առկա արդյունավետ համագործակցությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում հայ-վրացական գյուղատնտեսական կապերի սերտացման համար և քննարկել փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:



Կողմերն ընդգծել են, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը տնտեսության կայուն զարգացման առաջնահերթություններից է, և երկուստեք վերահաստատել ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նոր ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը և Օթար Դանելիան նաև համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորումներին նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարար շրջանակների համար:



ՀՀ վարչապետը կարևորել է Վրաստանի կառավարության կողմից ամռան ամիսներին Վերին Լարս սահմանային անցակետի գործունեությունը 3 ժամով երկարաձգելու փաստը, ինչը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների փոխադրման և տարանցման գործընթացների անխափան կազմակերպմանը:



Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: