ԵՏՄ-ն, վարկերն ու մթերումները

ԵՏՄ-ն, վարկերն ու մթերումները

Որքան էլ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեն, որ այս տարի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու, այնուհանդերձ, խաղողագործությամբ զբաղվողների եւ մթերող կազմակերպությունների շրջանում խուճապ է: Բանն այն է, որ այս տարի խաղողի բերքն անչափ շատ է. մթերողները փող չունեն, նախկինում այդ նպատակով վերցված վարկերը դեռ չեն փակել: «Որովհետեւ ԵՏՄ-ն մեր հերն «անիծեց», խփեց կոնյակի գործին, կառավարությունից էլ «խեղդում» են` չկանգնեցնել մթերման գործընթացը»,- ասաց գործարարներից մեկը: Իրենք էլ պահանջում են, որ ինչպես իրենց են «խեղդում», որ մթերումներ անեն, այնպես էլ թող վարչապետը բանկերին «խեղդի»` իրենց վարկեր տան, «չնայելով իրենց չփակած վարկերին»: Գործարարները փոքրիշատե հույս են կապում օրերս բացված «Լոգիստիկ» կենտրոնի հետ, որը, «իհարկե, խաղողի հետ կապված չէ, բայց մյուս ապրանքները Ռուսաստանում իրացնելու, շուկա գտնելու հարցում կօգնի»: Ի դեպ, այդ կենտրոնի տնօրենը Վահե Պետրոսյանն է՝ «Դի Ընդ Էյջ գրուպի» տնօրենը, ով ավարտին հասցրեց Երեւանի մի շարք անավարտ կառույցների շինարարությունը, որոնց կառուցապատողները խաբել էին սեփականատերերին: Թերեւս դա է պատճառը, որ ինչպես այս շինարարությունները, այնպես էլ նշված կենտրոնը կապում են նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանի անվան հետ, որի եղբայրը Ռուսաստանում խոշոր գործարար է, եւ հենց նա է ապահովելու ապրանքների իրացումը Ռուսաստանում: