Եկեք սպասենք Վարդան Օսկանյանի հայտարարությանը

Եկեք սպասենք Վարդան Օսկանյանի հայտարարությանը

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր նկրտումների մասին խոսակցություններն օրեցօր ակտիվանում են։ Անցած շաբաթ հրապարակում եղավ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանն առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Կուսակցությունը կոչված է լինելու քաղաքական դաշտում «Բարգավաճ Հայաստանին» փոխարինելու, քանի որ այս կուսակցությունը պետք է այսուհետ զբաղվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով եւ նրա համար քաղաքական դաշտում տեղ ազատելով։ Դրանից հետո Վահե Հովհաննիսյանն իր հարցազրույցներից մեկում նկատեց, որ կա նոր քաղաքական մշակույթի անհրաժեշտություն, սակայն իր՝ նախաձեռնության հեղինակ լինելու մասին լուրերն ապատեղեկատվություն համարեց։



Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում սկսել են քննարկել նոր ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվողների շրջանակը։ Դրանք լինելու են Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ասպարեզում գտնված, բայց հիմա լուսանցքներում հայտնված մարդիկ, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության մի շարք ակտիվ պատգամավորներ, որոնց թվում՝ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը։ Երեկ լուր տարածվեց նաեւ, որ Վարդան Օսկանյանը, ով Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից ու քաղաքականությունից հեռանալուց հետո ինքն էլ ընդհատակ է անցել եւ գտնվում է ԱՄՆ-ում՝ քաղաքական նոր ձեւավորվելիք ուժի աջակցության հարցերով, արդեն Հայաստան է վերադարձել ու զրուցել ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ։ Մենք զրուցեցինք Ստեփան Մարգարյանի հետ։



- Պարոն Մարգարյան, վերջին շրջանում ակտիվանում են Ռոբերտ Քոչարյանի մեկենասությամբ նոր կուսակցության ստեղծման մասին լուրերը, որը պետք է ստանձնի երկրորդ նախագահին քաղաքականություն վերադարձնելու առաքելությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, որը ձեռնարկել է Վարդան Օսկանյանը։



- Ես, ճիշտն ասած, գիշերն եմ վերադարձել, քաղաքում չէի։ Անկեղծ ասած՝ որեւէ մանրամասնություն չգիտեմ, բայց Օսկանյանն այն մարդն է, որ ես, անկեղծ ասած, ուրախ կլինեմ, որ ինքը քաղաքականության մեջ լինի։



- Հայաստանում մի քանի տասնյակ կուսակցություններ կան, կարծում եք նոր կուսակցություն ձեւավորելու պահանջ ու անհրաժեշտություն կա՞, կամ այդ կուսակցությունն ինչքանո՞վ կենսունակ կլինի, եթե չունենա հզոր հովանավոր։



- Շատ բարդ հարց եք տալիս, թող ստեղծողը որոշի՝ կա, թե չկա։ Ես չգիտեմ էլ՝ ինքը վերջնական ստեղծո՞ւմ է, թե՞ չի ստեղծում՝ մեկ։ Եթե իմանամ, թե ինչ կուսակցություն է ստեղծում, նոր այդ դեպքում կարող եմ ասել՝ դրա պահանջը կա՞, թե՞ չկա։ Ենթադրում եմ, որ եթե ստեղծում է, ապա հազիվ թե կրկնի որեւէ մեկին։ Ենթադրություններով, գուշակություններ, դատողություն անելն իմ ոճի մեջ չի մտնում։



- Իսկ հնարավո՞ր է Ձեզ տեսնենք Օսկանյանի թիմում, խոսվում է, որ քոչարյանական, քոչարյանամերձ անձինք են համալրելու այդ կուսակցության շարքերը։



- Ինձ անընդհատ տալիս են այդ հարցը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս պահին «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ եմ, հիմա որտեղ կլինեմ ապագայում, ինչ կանեմ, ես դժվարանում եմ գուշակել, բայց ես դժգոհ չեմ իմ կուսակցությունից։ Այս պահին միաժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ եմ, հիմա Դուք ի՞նչ հիմքեր ունեք, որ հարցնում եք՝ կարո՞ղ է լինեմ։ Եթե ես ինձ համար նոր կարգավիճակ որոշեմ, այդ մասին անկեղծ կհայտարարեմ։



- Իսկ Դուք Ձեզ համարո՞ւմ եք Քոչարյանի «մարդ», Ձեզ, համենայնդեպս, հաճախ են այդպես ներկայացնում։



- Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում, ինչը համարեմ կամ չհամարեմ։



- Նոր ուժի ձեւավորման անհրաժեշտությունը, ասում են, պայմանավորված է ԲՀԿ-ի թուլացմամբ, եթե այդ կուսակցությունն էլ ստեղծվի, ԲՀԿ-ից ի՞նչ հատված, ըստ Ձեզ, կպոկվի։



- Ես այդպիսի բան չեմ կարող ասել։ Կապրենք՝ կտեսնենք, եկեք սպասենք Վարդան Օսկանյանի հայտարարությանը, տեսնենք, թե ինչ հայտարարություն է անում, ես առայժմ ոչինչ չեմ լսել Վարդան Օսկանյանից։ Որեւէ կուսակցության մասին դատողություն կարելի է անել ոչ թե այն անձով, որ ստեղծում է, այլ թե ինչ է դնում այդ կուսակցության հիմքում։



- Իսկ վերջին ամիսներին ԲՀԿ-ի հետ կատարվածից հետո Դուք հանդիպե՞լ եք Ռոբերտ Քոչարյանին, զրուցե՞լ եք, ի՞նչ է նա մտածում։



- Իմ շփումները դա անձնական հարթություն է եւ մամուլի բան չէ, ես որեւէ մեկի հետ քաղաքական պլանների մասին քննարկում չեմ ունեցել։