Իրան-Հայաստան երկաթգծի դեմ խոսողները «խայտառակում են Ռեսպուբլիկան»

Իրան-Հայաստան երկաթգծի դեմ խոսողները «խայտառակում են Ռեսպուբլիկան»

ՀՀ վարչապետն ու տրանսպորտի և կապի նախարարը սեպտեմբերի 23-ին մեկնելու են Չինաստան, որտեղ պաշտոնական հանդիպումների ընթացքում կքքնարկեն Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը չինական կողմի աջակցության հարցը։ Այս մասին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց կառավարության նիստից հետո։ Նախարարը իրատեսական է համարում երկաթգծի կառուցման ծրագիրը․ «Մենք երբեք չենք հայտարարել, որ այն հեշտ է կառուցվելու և լուրջ խնդիրներ չկան, այլ հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ այդ դժվարությունները հաղթարարենք, դա բոլորիս է անհրաժեշտ»։ Նրանց, ովքեր համարում են, թե սա հերթական անիրատեսական ծրագիրն է, որը փողերի լվացում է ենթադրում, ովքեր պնդում են, որ Ռուսաստանը թույլ չի տալիս կառուցել ճանապարհը, իսկ Բաղրամյան-26-ը մեծագույն բլեֆ է անում այս առասպելական ծրագրի մասին խոսելով, Գագիկ Բեգլարյանը հակադարձում է․ «Այն մարդիկ, ովքեր դրա դեմ են խոսում ու փորձում են վախացնել, դրանք դեմ են բոլորին․․․ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում, որ այդ շինարարությունը սկսվի և հասցվի ավարտին, հանրապետության դեմ են խոսում, և ինձ թվում է, այդ գործում դուք բոլորդ ինձ պետք է օգնեք»։ Հարցին, թե Չինաստանի ինչին է պետք, որ աջակցի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց․ «Մի քանի անգամ նաև ՀՀ նախագահն է հայտարարել, որ այդ Մետաքսի ճանապարհը Չինաստանի համար կարևոր է, և Չինաստանի նախագահը կոնկրետ այդ ճանապարհի համար Չինաստանում գումարներ է հատկացրել, դրա համար Չինաստանի այն կազմակերպությունները, որոնք երկաթգծի ոլորտում են մասնագիտացել, բոլորն ունեն շահագրգռվածություն, որպեսզի այդ երկաթգծում ունենան իրենց ուրույն տեղը»։ Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի արժեքն է $3.5 մլրդ: 2013-ին Իրանը հայտարարել էր, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղայից Մեղրի ձգվող հատվածը, պայմանով, որ հայկական հողով անցնող հատվածը մեր երկիրը կկառուցի սեփական միջոցներով։ Իսկ այս տարի հունիսին չինական CCECC ընկերության ղեկավարությունը ցանկությւոն հայտնեց աջակցել երկաթուղու կառուցման ծրագրին: Մեկ այլ գլոբալ ծրագրի ընթացքը՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքները նախարարին գոհացնում են․ «Հրապարակի» հարցին պատասխանելով, նա ասաց․ «Տեմպերից ես գոհ եմ, և շատ գոհ եմ որակից, որ այս տարի մենք կարողացանք ստանալ, որ այն որակը, որը փորձում էինք ստանալ։ Որակը չի զիջում ոչ մի եվրոպական և արևմտյան երկրների աշխատանքներն։ Ես ձեզ խոստանում  եմ աշնանը այց կազմակերպել բոլոր աշխատանքների վայրերով, ինքներդ կմասնակցեք ու ինձ ձեր կարծիքը կասեք»։