Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ուռճացնում է համակարգը

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ուռճացնում է համակարգը

Բոլորովին վերջերս՝ հուլիսի 30-ին, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը որոշում է ընդունել ՀՀ դատական դեպարտամենտի կազմն ընդլայնելու մասին։ Այս որոշումը, մեր տեղեկություններով, անցկացրել է Դատական դեպարտամենտի նոր ղեկավար Կարեն Փոլադյանը, որն առայժմ մութ ֆիգուր է մամուլի համար, այլ կերպ ասած՝ ոչ լավով է առանձնացել, ոչ վատով։ Չնայած կան կարծիքներ, եւ դրանք մեզ հասել են հենց նույն Դատական դեպարտամենտի աշխատողների շրջանից՝ որ ժամանակին հենց Կարեն Փոլադյանն է անանուն նամակներ գրել տարբեր մարմիններին՝ մատնանշելով դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի կատարած խախտումները եւ այն, որ դեպարտամենտը դարձել է «Միսակնոց»։ Դրանից հետո սկսվեց Մարտիրոսյանի անկումը, ինչն ավարտվեց Միսակ Մարտիրոսյանի ազատազրկմամբ եւ «կարգադրիչների գործով»։ Դատական դեպարտամենտի ներսում կազմակերպված կոռուպցիոներների մի ամբողջ խումբ բացահայտվեց, եւ թվում էր, թե գոնե սրանից հետո համակարգը հնարավորինս կպարզեցվի, թափանցիկ եւ թեթեւ կաշխատի, հասկանալի կլինի հանրության համար։ Իրականում, սակայն, ճիշտ հակառակն է նկատվում։
Հուլիսի 30-ի որոշմամբ համակարգում անիմաստ պաշտոններ են ավելացել՝ դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, վարչության պետեր, ամեն վարչության մեջ էլ՝ երեք բաժնի պետ։ Թե ինչպես են նշանակում այս պաշտոններին, տեղեկացանք «կարգադրիչների գործի» քննությանը հետեւելիս։ Ահա թե ինչ է մեզ ասում Դատական դեպարտամենտի աշխատակիցներից մեկը․ «Մի հատ գեներալսկի պաշտոն են բացել, նախկին վարչության պետի պաշտոնը դարձրել են դեպարտամենտի տեղակալ ու շնորհում են գեներալ-մայորի կոչում։ Էդ վարչության մեջ էլ՝ երկու տեղակալ, ամեն տեղակալն էլ իր համար երկու բաժին ունի, որոնք էլ, դե, բնականաբար՝ բաժնի պետեր։ Հիմա ասում են, թե բյուջեն լավ վիճակում չէ, բա եթե տենց է, ինչի՞ են էդ ձրիակերներին էդքան շատացնում»։
Դատական դեպարտամենտն այն ստրուկտուրան է, որը երբեք մամուլի հետ ազատ չի շփվել։ Այստեղ մամուլի պատասխանատու գտնելը եւ նրա միջոցով հարց պարզելը մի ամբողջ գլխացավանք է։ Բանավոր որեւէ հարցի պատասխան ստանալ հնարավոր չէ։ Նույնիսկ Մկրտումյանի վերոհիշյալ որոշման հիմնավորումը, որը պաշտոնական փաստաթուղթ է, պետք է ստանալ՝ հատուկ հարցում ուղարկելով։ Չնայած դեպարտամենտն առանձին վարչություն ունի՝ արարողակարգով եւ հասարակայնության հետ կապերով զբաղվող, մի բաժին էլ բացել են արտասահմանյան մամուլի հետ աշխատելու համար։ Նման բաժին անգամ ՀՀ կառավարությունը չունի։ Բացվել է նաեւ վերահսկողության բաժին, եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն, միջազգային համագործակցության բաժին՝ անհամար կրտսեր, առաջատար եւ այլ մասնագետներով։ Ովքեր են զբաղեցնելու այս նոր հաստիքները։ Վերահսկողության բաժին ստեղծելու իմաստը, օրինակ, մասնագետները բացատրում են դատավորներին հսկելու-վերահսկելու միտումով, ինչն օրենքով արգելված է։ «Շուտով կլինեն մրցույթներ՝ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար, բայց արդեն պարզ է, որ Կարեն Փոլադյանի տեղակալի պաշտոնն զբաղեցնելու է նրա երիտասարդ ընկեր Նարեկ Գաբրիելյանը։ Հիմա նա վարչության պետի պաշտոնում է։ Միջազգային վարչությունում էլ, ասում են, Կարեն Փոլադյանն իր եղբորն է նշանակում, որը նույնպես Դատական դեպարտամենտի աշխատող է։ Հայտնի չէ, թե որքան գումար են ստանալու պետական բյուջեից բոլոր այս «թանկարժեք» մասնագետները՝ կրտսեր եւ առաջատար, վարչության պետերն ու տեղակալները։ Դեպարտամենտից խոստացան պատասխանել առաջիկայում, գրավոր, իհարկե։
Այս որոշումը խնդրեցինք մեկնաբանել տարբեր մասնագետների։ Փաստաբան Սեդա Սաֆարյանը մի կարճ շրջան Դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի պաշտպանն է եղել։ Նա ասաց, որ չգիտի, թե ինչ հիմնավորմամբ են ընդլայնում դեպարտամենտը․ «Բայց ո՞վ չգիտի, որ շատ աշխատանքներ կան, որոնք երեք հոգու փոխարեն մեկ հոգին կարող է անել։ Հիշում եմ, որ այս դեպարտամենտը նախկինում մի փոքրիկ բաժին էր, հետո ուռճացրին, մեծացրին, դարձրին առանձին համակարգ։ Հիմա ավելի են ուռճացնում, որի իմաստը ես գոնե չեմ տեսնում։ Կարելի էր թեթեւ եւ պարզ կազմակերպել այդ ստրուկտուրայի աշխատանքը։ Նայել ղեկավարի ծանրաբեռնվածությունը, արդյոք նա 8 ժամ աշխատելով՝ չի՞ կարողանում ապահովել համակարգի բնականոն աշխատանքը, որ պետք է տեղակալ ունենա։ Կարծում եմ, սա կարող է կոռումպացված իրավիճակ ստեղծել»։ Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը նույնպես տեղյակ չէր, թե ինչ հիմնավորմամբ են հաստիքներ ավելացնում Դատական դեպարտամենտում։ «Չի բացառվում, որ, ենթադրենք, ինչ-որ գումարներ բյուջեից տեղավորելու խնդիր կա, թեեւ պնդել չեմ կարող։ Չեմ զգացել Դատական դեպարտամենտի դրական դերը։ Ընդհակառակը, բացասականն եմ զգացել։ Իմ ոդիսականի օրերին նրանք ստուգել էին իմ, նաեւ մյուս դատավորների գործերի օրինականությունը։ Ուսումնասիրելու եւ ամփոփելու փոխարեն, ստուգել էին եւ եզրակացություն կազմել իմ կողմից կատարված խախտումների մասին, որոնք այն ժամանակ գնահատեցին որպես կոպիտ, որովհետեւ այլ կերպ իմ լիազորությունները չէր կարելի դադարեցնել»։