Ինչո՞ւ Սահմանադրությամբ չի ամրագրվում մինիմալ զամբյուղի նորմը

Ինչո՞ւ Սահմանադրությամբ չի ամրագրվում մինիմալ զամբյուղի նորմը

Երեկ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն ասուլիս էր տալիս Սահմանադրության նախագծի վերաբերյալ։ Նա կարծում է, որ ՀՀ նախագահի հրամանագիրը չի կատարվել՝ «ոչ թե բարեփոխումների նախագիծ է ներկայացվել, այլ նոր Սահմանադրության նախագիծ»։ Մեր հարցին՝ ի վերջո, ինքը կո՞ղմ է այս նախագծին, թե՞ ոչ, ՍԴ անդամն այդպես էլ հստակ չպատասխանեց․ «Ես ներկայացրի իմ տեսակետներն այս Սահմանադրության նախագծի վերաբերյալ։ Սեւով եւ սպիտակով նայելու խնդիր ես այստեղ չեմ տեսնում։ Ես շեշտեցի իմ խոսքի մեջ, որ նախեւառաջ սա մեկ քայլ առաջ է օրինականության տեսակետից, քանի որ հռչակագիրը հիմքն է, եւ Սահմանադրության նախաբանի մեջ նորից հղում է կատարվում հռչակագրին։ Եվ երկրորդը, ամենակարեւոր հանգամանքը, որ ժողովրդի իշխանությունը վերադարձվում է ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով օրենքներ ընդունելու համար։ Բայց դա չի նշանակում, որ եթե տեսնում ենք՝ դրական բաներ կան, պետք է աչք փակենք թերությունների վրա»։



- Պարո՛ն Բալայան, այս ամենով հանդերձ՝ այսօր Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։



- Սա բավականին լուրջ հարց է եւ տարողունակ։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում, երբ որ քննարկում էին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները, ՍԴ-ն իր որոշումներում անդրադարձել է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ ընտրական համակարգը կատարելագործելու առումով։



- Իսկ առհասարա՞կ։ Մարդկանց կյանքը բարեփոխելու, քաղաքական դաշտն առողջացնելու տեսանկյունից կա՞։



- Այ, սա այլ խնդիր է, թե որն է առաջնայինը։ Քաղաքական դաշտի առողջացման տեսակետից Սահմանադրության այս նախագիծն ավելի է նպաստում դրան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կուսակցություններն ավելի լուրջ դերակատարություն են ստանում։



- Որպես ՀՀ քաղաքացի՝ իմ եւ Ձեր կյանքը կփոխվի՞ դեպի լավը, եթե Սահմանադրությունը փոխվի։



- Սահմանադրությամբ անմիջականորեն չի փոխվում, փոխվում է սահմանադրական նորմերն իրականացնելուց։ Այլ խնդիր է, եթե Դուք հարցադրում անեիք-ասեիք՝ եթե օբյեկտիվ սահմանադրական փոփոխություններ են ընթանում, ինչո՞ւ այդ նույն Սահմանադրության մեջ չամրագրվեց մի շատ կարեւորագույն նորմ, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր ոք մինիմալ զամբյուղին համապատասխան մինիմալ աշխատավարձի կամ կենսաթոշակի իրավունք ունի։



- Շատերը պնդում են, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա հենց Ձեր ասածով, որ նորմերն իրականացնողներին է պետք փոխել եւ բերել այնպիսի մարդկանց, ովքեր կիրականացնեն այդ նորմերը։



- Դրա համար ես հստակ պատասխանեցի էդ հարցին, որ իմ համար փոփոխություններն այնքան են արժեւորված, որ, այնուամենայնիվ, ժողովրդին է վերադարձվում իր իրավունքը։ Այսօր Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության 2/3-ն օրինական ճանապարհով հանրաքվե անցկացնելու իրավունք չունի։



- Վստա՞հ եք, որ ամեն ինչ օրինական ճանապարհով կընթանա, եւ ժողովուրդն իր իրավունքի տերը կլինի փոփոխություններից հետո։



- Ես չեմ կարող երաշխիքներ տալ, բայց ես այն կարծիքին եմ, որ եթե ժողովրդավարացում է գնում, նաեւ քաղաքացիական հասարակություն կձեւավորվի եւ իր պահանջները կներկայացնի ցանկացած իշխանության։



- Հիմա Դուք այս նախագծում տեսնո՞ւմ եք երաշխիքներ, որ ժողովուրդն իր իշխանության տերը կլինի ամբողջ թափով։



- Սահմանադրությունը նույնպես կենդանի օրգանիզմ է, եւ նա քարացած չի կարող լինել։ Ես արդեն ասացի, որ նույն ընտրական համակարգի կատարելագործման առումով ՍԴ-ն վաղուց էր նշել, որ փոփոխություններն անհրաժեշտ են։ Հիմա այդ փոփոխություններով որքանով է իրացվում այդ խնդիրը, սա քննարկման փուլում է արդեն։