Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը դեռեւս հայտնի չէ

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը դեռեւս հայտնի չէ

Ազգային ժողովում ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի հետ: Hraparak.am-ի լրագրողը հաղորդում է, որ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների մասին իրենց դիրքորոշումը կհայտնեն առաջիկայում կայանալիք խմբակցության եւ քաղխորհրդի նիստից հետո: «Այս պահին քննարկումներ են ընթանում, մենք կմատնանշենք այն կետերը, որոնց վերաբերյալ ունենք մտահոգություններ: Դեռ կտեսնենք՝ դրանք կմնան, թե կլուծվեն, մենք կներկայացնենք այն հարցերը, որոնց շուրջ տեսնում ենք Հայաստանի ապագան: Սա բնական պրոցես է, մենք մեր առաջարկների մասին առաջիկայում տեղյակ կպահենք»,-ասաց Վահան Բաբայանը:



Hraparak.am-ի հարցին, թե քննարկումների արդյունքում ով ում համոզեց, Վահան Բաբայանն ասաց, որ չի ցանկանա որակումներ տալ, սա քննարկում է, որի ժամանակ ամեն մարդ իր կարծիքն է արտահայտում, բանակցությունների ժամանակ են կողմերը փորձում համոզել իրար կամ չհամոզել, իսկ սա այլ բան է, այնպես որ տեղին չէ այդ մասին խոսելը: