Անցումային շրջան

Անցումային շրջան

Սահմանադրության նախագծի 16-րդ գլուխը՝ «Եզրափակիչ եւ անցումային դրույթները», սահմանում են, որ Սահմանադրության առնվազն 8 գլուխ ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն միայն նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից՝ 2018 թվականից: Իսկ այդ գլուխներից ամենակարեւորը երկուսն են՝ 5-րդ գլուխը, որը վերաբերում է հանրապետության նախագահին, 6-րդը, որը վերաբերում է կառավարությանը: Այսինքն, մինչեւ 2018թ. մայիսը շարունակելու են գործել 2005-ին ընդունված Սահմանադրության այն գլուխները, որոնք վերաբերում են նախագահին եւ կառավարությանը: Իսկ երբ 2018-ի ապրիլի 9-ին ավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, եւ ԱԺ-ն ընտրի նոր նախագահ, 2015-ի դեկտեմբերին ընդունված Սահմանադրությունը նոր ամբողջությամբ ուժի մեջ կմտնի: Որքանո՞վ է սա ճիշտ, եւ ի՞նչ խնդիրներ կառաջացնի այս կիսահղի վիճակը մեզանում։ Սահմանադրական հանձնաժողովի անդամները եւ նոր Սահմանադրության ջատագովները պնդում են, որ ոչ մի խնդիր էլ չի առաջանա։ Որ դա նորմալ է։ Առանց դրա հնարավոր չէր։ Եվ բացատրում են․ «Հո չէի՞նք կարող ստիպել, որ նախագահը հրաժարական տա, պետք է սպասենք, մինչեւ նրա պաշտոնավարման ժամկետը լրանա»։ Սակայն անկողմնակալ մասնագետներն անցումային դրույթներում բազում բացթողումներ եւ վտանգներ են տեսնում։ Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է չնախատեսված հրաժարականին, իսկ եթե Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականը հրաժարական տա, ո՞վ է ընտրելու հաջորդ նախագահին եւ որքա՞ն ժամանակով․ Ազգային ժողո՞վը, ինչպես նշված է նոր Սահմանադրության մեջ, թե՞ հասարակությունը, ինչպես նախատեսում է գործող Սահմանադրությունը։ Սահմանադրապաշտներն ասում են՝ դա ֆորս-մաժոր է։ Բայց արդյոք մենք ապահովագրվա՞ծ ենք ֆորս-մաժորներից։