Տնտեսական աճն ու Արփինեի հայտնությունը

Տնտեսական աճն ու Արփինեի հայտնությունը

Որքան հաճախակիանում են տնտեսական աճի մասին վստահեցումները, նույնքան անվստահ են դառնում կառավարության անդամները։ Երեկ կառավարության գրեթե բոլոր ներկայացուցիչներն ԱԺ մտան հետնամուտքից, բացառությամբ բնապահպանության եւ գյուղնախարարների: Իսկ վարչապետը նախընտրեց ԱԺ միջանցքներում, ոտքի վրա կցկտուր մեկնաբանություններ տալ լրագրողներին:Տնտեսական աճի մասին իր ավելի վաղ արած հայտարարությանը, ապա ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի՝ իր ասածը հերքող մեկնաբանությանն անդրադառնալով, Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց.



«Բոլորը կիսում են իմ տեսակետը: Ամենակարեւոր խնդիրն այն է, որ մենք փորձում ենք տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը պահպանել: Հարցրեք ֆինանսների նախարարին, եւ նա կասի»: Ըստ վարչապետի, տնտեսական աճի մասին կառավարության նիստում արած իր հայտարարությունը ոչ թե ինքն է հորինել, այլ դա եղել է Վիճակագրական ծառայության տվյալները։ Իսկ առաջին անգամ նախարարի կարգավիճակում ԱԺ ներկայացած Արփինե Հովհաննիսյանը դարձել էր օրվա «ֆավորիտը», նա աջ ու ձախ ողջագուրվում էր բոլորի հետ՝ պատգամավոր, լրագրող, օգնական, իսկ նիստերի դահլիճ նրա մուտքը վերածվեց ողջագուրվելու ծեսի: ԱԺ բոլոր պատգամավորները՝ ընդդիմադիր թե իշխանական, Հովիկ Աբրահամյանի հովանավորյալի հետ ողջագուրվելու համար հերթ էին կանգնել, բոլորը բացականչում էին, ձեռքները վերեւ պարզում, շնորհավորում իրենց նախկին գործընկերոջը, համբուրում, թեւանցուկ անում:



ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւս վերջին շարքի իր տեղից վեր կացավ, շարքերով անցնելով՝ հասավ Արփինեին: Ի դեպ, երեկ նկատելի էր, որ տիկնոջ համար ՀԱԿ գործընկերների կողքին նստելն անհնարին է դարձել, նա մեկ տեղափոխվում էր ԲՀԿ շարքեր, մեկ թեժ զրույցի բռնվում Սերժ Սարգսյանին նախորդ օրը ձոն հյուսած ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի հետ: