Քննչական կոմիտեի շենքի շինարարությունը շարունակվում է

Քննչական կոմիտեի շենքի շինարարությունը շարունակվում է

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն արդեն նոր շենքում է գտնվում՝ Մամիկոնյանց 46/5 հասցեում։ Հիշեցնենք, որ նոր շենքը ՀՀ քննչական կոմիտեին է հատկացվել 2014 թվականի մայիսին՝ կառավարության որոշմամբ։ Միաժամանակ բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 27 միլիոն 500 հազար դրամ՝ շենքի հիմնանորոգման համար։



Գումարի տրամադրման օրվանից ի վեր սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ նշված գումարը շատ քիչ է շենքի հիմնանորոգման համար։ Թեպետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ կառավարության նիստում մտահոգություն էր հայտնել, թե գումարը մի բան էլ շատ է, իսկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ համոզել էր, որ բանակցային եղանակով կազմակերպելու դեպքում գումարի չափը կնվազի։



Ինչեւէ, շենքն այսօր պատրաստ է, եւ Քննչական կոմիտեն արդեն այնտեղից է գործեր հարուցում։ Բայց, ինչպես պարզ դարձավ կառավարության կայքից, գումարը, փաստորեն, չի բավականացրել ու այն էլ միանգամից 57 միլիոն դրամի չափով։ Պարզվում է՝ սույն թվականի սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն պայմանագիր է կնքել «Ագաթ 777» ՍՊԸ-ի հետ՝ տվյալ վարչական մասնաշենքի հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքների կատարման համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 57 միլիոն 774 հազար 200 դրամ։ Աշխատանքները պետք է ավարտվեն սույն թվականի հոկտեմբերի 30-ին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ