Փոստանջյանն իրավացի է՝ իշխող համակարգը և նրա ԿԳԲ-ԱԱԾ-ն պետք է կազմաքանդվեն. ՀԽ

Փոստանջյանն իրավացի է՝ իշխող համակարգը և նրա ԿԳԲ-ԱԱԾ-ն պետք է կազմաքանդվեն. ՀԽ

2015 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իր պաշտոնական հայտարարության մեջ անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի 2015 թ. սեպտեմբերի 18-ի հայտնի ելույթին՝ վիրավորական համատեքստ ունեցող ձևակերպումներ ու որակումներ օգտագործելով նրա անձի վերաբերյալ, ինչպես նաև ուղիղ սպառնալիքներ տալով նրան:



Պաշտոնապես ԱԱԾ կոչվող, սակայն մինչ օրս թե′ ժողովրդի մեջ և թե՛ նրա ու ամբողջ պետական կառավարման համակարգի ծառայողների շրջանում ԿԳԲ անվանվող այդ կառույցի նմանօրինակ վարքագիծը բնավ զարմանալի չէ: Այդ կառույցը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեզ սև ժառանգություն մնաց ոչ միայն որպես ԿԳԲ-ի մնացորդ և հետնորդ, այլև ժամանակի ընթացքում վերաստանձնեց մեր երկրի հակապետական, ապազգային և հակամարդկային պետական կառավարման համակարգի միջնաբերդի իր նախկին դերն ու կարգավիճակը:



Եվ հիմա, երբ ԽՍՀՄ-ը վերականգնելու նպատակ հետապնդող իր օտար տերերը որոշակի հաջողություն են արձանագրել մեր երկիրը ռուս-թյուրքական ԵԱՏՄ-ի անդամ դարձնելով, իսկ ապազգային վարչախումբը և նրա պարագլուխը ստալինականության նորովի հաստատման նկրտումներով սահմանադրական հեղաշրջման պլանի վերջին միջոցառումներն են իրականացնում, ԿԳԲ-ԱԱԾ-ն շտապում է ազդարարել իր տիրական ու պատժիչ գործառույթի ամբողջական վերականգնման մասին:



Այս կառույցի պարագայում ավելորդ է անգամ հիշատակել, որ սպառնալիքի միջոցով քաղաքական գործունեության սահմաններ դնելու և քաղաքական գործչի խոսքն ու վարքագիծը կանոնակարգելու նրա այս քայլը սահմանված չէ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններով: Հանրահայտ փաստ է, որ նա մինչ օրս գործում է ԿԳԲ-ի կարգադրագրերով, ապրում է ստալինականության մշակույթով և ղեկավարվում է այդ մշակույթը կրող վարչախմբի պարագլխի և ԿԳԲ-ԱԱԾ-ի տնօրենի կողմից:



Միևնույն ժամանակ՝ ԿԳԲ-ԱԱԾ-ի «լեզուն երկարացնելու» հանգամանքը վկայում է այն մասին, որ չարիքի այս միջնաբերդը կորցրել է նախկին ուժն ու կարողությունը և գիտակցում է իր տերերի և իր մոտալուտ վախճանը:



Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, իր համերաշխությունը հայտնելով Զարուհի Փոստանջյանի դիտարկվող ելույթում նշված մտքերին և կոչերին, հայտարարում է, որ առաջիկայում քաղաքացիական անհնազանդության գործողություններով ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախմբին հեռացնելուց հետո ժամանակավոր կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է ԿԳԲ-ԱԱԾ-ի լիակատար կազմաքանդումը, գործակալական լյուստրացիան և ազգային հատուկ ծառայությունների ձևավորումը: