Ձեր փիլիսոփայությունը Ալիևի թնդանոթի փողին չի

Ձեր փիլիսոփայությունը Ալիևի թնդանոթի փողին չի

Երբ Ադրբեջանի քաղաքական և զինվորական ղեկավարությունը սեփական ժողովրդին խոստումներ է տալիս, թե պատրաստ են և շուտով, եթե հարկ լինի նաև ուժով, հետ են բերելու Ղարաբաղը, մենք այստեղից քմծիծաղ ենք տալիս՝ հաչող շունը կծան չի լինում: Նույն վերաբերմունքին են արժանանում նաև միջազգային բեմերում Ալիևի այն հայտարարությունները, թե Ադրբեջանի իրավունքն է ամեն գնով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և այլն և այլն:



Երեկ գիշեր Ադրբեջանն անցել էր իր հայտարարություններում հնչեցրած մտքերի իրագործմանը, այսինքն՝ կրակում էր Հայաստանի ուղղությամբ: Այսօր, առավոտյան ՀՀ ԱԳՆ փոխնախարարը քմծիծաղ է տալիս, թե դա հեչ, Ադրբեջանի սովորությունն է՝ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ բանակցային գործընթացը կասեցնելու, վիժեցնելու հերթական փորձը: Քոչարյանը, վստահաբար, ոչ միայն ժաանակի և տարածության զգացողությունն է կորցրել, այլև բոլոր կենդանի օրգանիզմներին հատուկ ինքնապաշտպանության բնազդը: Թուրքը կրակում է, իր տան առաջ, այգում կաղին հավաքող հայ կնոջը սպանում, իսկ Քոչարյանն ասում է՝ դա Ադրբեջանի նենգ սովորությունն է, քնած հային կացնահարելու պրակտիկայի շարունակությունը: Դե արի ու մի ասա՝ հոպար, դու քո տեղում չես, որովհետև չգիտես, որ թնդանոթները սկսում են կրակել, երբ քեզ նման դիվանագետները անճարակություն են ցուցաբերում հարցի խաղաղ կարգավորման գործում: Եվ երբ թնդանոթները կրակում են, դիվանագետները պետք է ոտքի տակ չընկնեն ու ավելորդ չփիլիսոփայեն, թե ինչու են կրակում թնդանոթները:



Թնդանոթների կրակին ավելի պարզ պատասխան, քան հակառակ կրակն է, չկա: Իսկ Քոչարյանը եկել փիլիսոփայում է, թե կրակելը հինավուրց ադրբեջանական սովորություն է:



Կարդում ենք ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը՝ երեկվա կրակոցների և զոհերի հետ կապված: Չգիտես լա՞ս, թե՞ խնդաս այդ հայտարարության վրա: Ո՞վ է տեսել, որ երկրի պաշտպանության նախարարը ապառնի ժամանակով հայտարարի, թե հեսա տեսեք ինչ ենք անելու, համարժեք պատասխան ենք տալու: Արդյոք սա նման չէ՞ Ադրբեջանի՝ ապառնի ժամանակով հայտարարություններին, թե հեսա Ղարաբաղը հետ ենք բերելու:



Մեկ երեկոյի ընթացքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, Նոյեմբերյանից տարհանել են երեխաներին ու այսպիսի բաներ: Պետք չէ՞ր, արդյոք ապառնի հաթաթաներ գրելու վրա ժամանակ վատնելու փոխարեն ներկա ժամանակով հակադարձ կրակ թափել հակառակորդի գլխին: Ո՞վ է տեսել թնդանոթի դեմ գրչով պայքարեն, այն էլ զինվորականները: Օգոստոսյան պատերազմի օրերին նման փորձ է արել Սահակաշվիլին՝ իր զինվորական ղեկավարների հետ: Արդյունքը հայտնի է: Հայտնի է նաև, թե ինչ տեղի ունեցավ Ղրիմում, երբ Կիևում իշխանությունը զավթած Պորոշենկոյի նման ավանակը, փոխանակ կրակելու, փիլիսոփայությամբ էր զբաղվում: Եվ պատկերացրեք՝ պատահական չէ, որ Պորոշենկոն ու Սահակաշվիլին միասին են աշխատում: Պորոշենկոն, ի դեպ, կարող նաև հայ գործընկերների աշխատանքի տեղավորել, եթե մերոնք էլ Սահակաշվիլիի նման փիլիսոփայելով պաշտպանեն իրենց հայրենիքը:



Ինչո՞ւ գնալ ՄԱԿ-ի հոբելյանական գագաթաժողովին և ճռճռան ելույթ ունենալ Ադրբեջանական ադաթների մասին, եթե կարելի է հենց չգնալով ամբողջ աշխարհին հասկացնել, որ զբաղված ես Ադրբեջանից հողդ պաշտպանելով: Ընդամենը մի հայտարարություն է պետք, ոչ ավելին: Ու կարիք չկա նայելու, թե ինչ կմտածեն քո մասին: Բոլորն էլ հասկանում են, որ եթե քո երկրի ու քաղաքացու վրա կրակում են, քո հողի վրա արյուն են հեղում, փիլիսոփայական բոլոր ուսմունքները դադարում են գոյություն ունենալուց, իսկ ամենաբարձր ամբիոններն անգամ վերածվում են ժամավաճառության պատվանդանի:



Հ.Գ. 1 Հարց՝ Շավարշ Քոչարյանին: Պարոն Քոչարյան, Ուորլիքը երեկ հայտարարել էր, որ ինքն ու Մինսկի խումբը անհանգստացած են Հայաստանի սահմաններին իրավիճակի սրման կապակցությամբ: Մարդ աստծո, բա դու Ուորլիքի չափ էլ անհանգիստ չե՞ս, որ այդպես փիլիսոփայում ես, թե սա Ադրբեջանական սովորություն է:



Հ.Գ.2 Այսօր առավոտյան հրաժարականի դիմումով Բաղրամյան 26 պետք է ներկայացած լինեին պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, գլխավոր շտաբի պետը և մնացած բոլոր փիլիսոփաները: Այդպես կլիներ ցանկացած նորմալ երկրում, որի քաղաքացին սպանվում է, որովհետև հակառակորդը, ասացեք խնդրեմ, սպանելու սովորություն ունի:



Էդիկ Անդրեասյան