Հրաշալի եռյակ-2

Հրաշալի եռյակ-2

Հակաբարեփոխական շարժումը Հայաստանում, որն շտապել ենք անվանել «ոչ»-ի ճակատ, այնքան դանդաղ է կազմակերպվում, որ, թվում է, մինչեւ դեկտեմբերի 6-ը ոչինչ էլ չի կարողանալու ձեռնարկել՝ հանրությանը համոզելու առումով, որպեսզի վերջինս վճռական «ոչ» ասի սահմանադրական բարեփոխումներին: Եթե ավելի վաղ այս ճակատը կազմված էր երեք հիմնական ճյուղից՝ Ռոբերտ Քոչարյանից, «Չեք անցկացնի»-ից եւ «Հանրային փրկություն»-ից, ապա հիմա, եթե հավատալու լինենք ներքաղաքական կյանքի առանձին գիտակների վերլուծություններին, պատրաստվում է նաեւ «ոչ»-ի չորրորդ ճյուղը, որի մեջ են, վայ մամա ջան, Արա Աբրահամյանը (Ռուսաստանի հայերի առաջնորդ), Արթուր Բաղդասարյանը (երբեմնի ԱԽՔ) եւ Րաֆֆի Հովհաննիսյանը (The chief of the party Heritage):



Այս եռյակին լրացուցիչ ներկայացնելու հարկ, կարծում ենք, չկա, բայց, մեր գիտակները թող մեզ ներեն թերահավատության համար, ինչպե՞ս են նրանք պատկերացնում այդ գործիչներին մեկ պարկում: Դրա համար առնվազն պետք է վստահ լինել, որ երեքն էլ «ոչ» են ասում բարեփոխումներին, բայց դա այդպես չէ, եւ, հետեւաբար, նրանք չեն կարող միասին կազմել «ոչ»-ի չորրորդ ճյուղը: Իսկ եթե, այնուամենայնիվ, կազմել են իրենց միությունը կամ շատ մոտ են «ոչ»-ի նոր միություն կազմելուն, միեւնույն է, վտանգ կա, որ այդ համագործակցությունը նրանց համար կվերածվի տվայտանքների անվերջ շարանի:
Ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արա Աբրահամյանի մասին չես ասի, թե նրանք նույն բանն են՝ տարբեր «մեշոկներում»: Պետք է նայել սկզբնաղբյուրները, եւ այդ գործիչների տարբերությունն իսկույն կերեւա: Ուրեմն էլ ինչո՞ւ են այստեղ՝ Հայաստանում փորձում ստեղծել նրանց համագործակցության մասին այս բոյի կեղծ տեսությունը:



Եկեք նախ հասկանանք, թե նշվածներից ով է, առհասարակ, դեմ սահմանադրական բարեփոխումներին: Սկսենք Արթուր Բաղդասարյանից, որովհետեւ ամենաարտառոցը «ոչ»-ի ճակատին հենց նրա միանալը կլինի: Ես այսպես եմ մտածում՝ Արթուր Բաղդասարյանը չէր ցանկանա լրացուցիչ անգամ հայտնվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տեսադաշտում եւ, միեւնույն ժամանակ, չարաշահել Սերժ Սարգսյանի՝ իրեն տված «բարոյական» տիտղոսը: Ի դեպ, երբ նախագահները որեւէ մեկին տիտղոս են շնորհում՝ լինի վաստակավոր արտիստի կոչումի, թե էպիտետի տեսքով, ապա դա ողջ կյանքի համար է: Զորօրինակ՝ «դատարկ դհոլը»: Չարաշահել «բարոյականի» կոչումը՝ նույնն է, թե ռիսկի դիմել՝ «անբարոյական» դառնալու: Սրան ավելացրեք նաեւ նախորդ նախագահների «դավաճան» որակումը, եւ, Արթուր Բաղդասարյանի հետ կապված, պատկերը կամբողջանա: Ու հիմա պնդել, որ բարակ լարից կախված Արթուր Բաղդասարյանը գնացել է Մոսկվա, ՌԴ իշխանությունների հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը եւ նրանց համոզել, որ դա շատ վատ է, որ ՀՀԿ-ն ցանկանում է թուլացնել ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանում, մի քիչ հիմնազուրկ է թվում: Ամբողջ հարցն այն է, որ ՌԴ իշխանությունները ՀՀԿ-ի հետ իրենց հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ «բարոյական» տիպարների կարիք չեն զգում: Ու մի բան էլ՝ լավ կլիներ, որ Արթուր Բաղդասարյանի մոսկովյան այցից լավ տեղեկացվածները նշեին, թե ՌԴ իշխանություններից այդ ում է հանդիպել Արթուր Բաղդասարյանը: Այլապես տպավորություն է ստեղծվում, թե Պուտինը, Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերը մի կողմ դրած, Արթուր Բաղդասարյան է խաղացնում:



Արա Աբրահամյան: Վիդիտե լի, Արա Աբրահամյանը հանդիպել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ եւ պահանջել բարեփոխումների փաթեթից հանել այն կետերը, որոնք խանգարում են իրեն դառնալ Հայաստանի վարչապետ: Գագիկ Հարությունյանն էլ, ախր, շատ անսիրտ մարդ է, մերժել է, ինչից հետո Արա Աբրահամյանն սպառնացել է մտնել «ոչ»-ի ճակատ: Փաստորեն, Արա Աբրահամյանը որոշել է շռնդալից մուտք ապահովել Հայաստանի ներքաղաքական ճակատ եւ հընթացս տիրանալ վարչապետի աթոռին, իսկ մենք չգիտեինք: Բայց այստեղ մեր վերլուծաբանները մոռացել են պատասխանել մի շատ կարեւոր հարցի՝ անձամբ ի՞ր, թե՞ ուրիշի համար է չարչարվում Արա Աբրահամյանը: Ասել է՝ ի՞նչ իմանաս, թե ում անունն է Սերժ Սարգսյանի մտքում, եւ ում համար է Արա Աբրահամյանի բացելիք կուսակցությամբ քաղաքական հենարան ստեղծվում: Չի բացառվում, որ դա լինելու է Կրեմլի կուսակցությունը, իսկ Կրեմլից հովանավորվող մեծադղորդ անուններ՝ ինչքան ուզեք: Այնպես չէ, որ Կրեմլը Սերժ Սարգսյանի, իսկ Սերժ Սարգսյանն էլ Կրեմլի թիկունքում է գործում: Իսկ ով հավատում է, որ Սերժ Սարգսյանն ու Կրեմլը միմյանցից գաղտնիքներ ունեն, ուրեմն թող հավատան նաեւ, որ Արա Աբրահամյանը հեսա «ոչ»-ի դրոշակ է պարզելու եւ գալու է Հայաստանը Սերժից ազատագրելու:



Ո՞վ մնաց: Հա, Րաֆֆին: Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը մի հանճարեղ ճառ էր արտասանել, որ տարեգիրները կարող են ընդգրկել նրա լավագույն ճառերի առաջին հնգյակում: Մի քիչ կարդանք այդ ճառից. «Միմիայն միավորված ուժերով եւ անշահախնդիր, հետեւողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան եւ փակ բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան»: Երբ ասացինք հանճարեղ ճառ, ամենեւին էլ լեզվական աղաղակող սխալներով նախադասությունները նկատի չունեինք եւ ոչ էլ ռուսաբանությունները (գուբերնիա), այլ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է խոսել եւ ոչինչ չասել այն մասին, թե ինչ պետք է ասենք բարեփոխումներին՝ «ո՞չ», թե՞ «այո»: Ի՞նչ է նշանակում՝ «ըստ էության մերժել»: Դա ո՞րն է՝ մտքում մերժելը, հոգով մերժելը, բյուլետենի վրա «ոչ»-ի դիմաց V նշանն ըստ էության դնելը… Դժվա՞ր է ասել՝ «մերժել»: Եվ ապա՝ ես ինչ Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչում եմ, մեր կյանքը բաղկացած է վճռորոշ հանգրվաններից: Ապրելու ժամանակ չկա, հասկանում ես, անընդհատ վճռորոշ հանգրվաններ ենք հաղթահարում: Թե քանի այդպիսի վճռորոշ պահեր ենք հաղթահարել իր հետ, թողնենք իր խղճին եւ մի հարց տանք ներքաղաքական ճակատի մեր գիտակներին՝ դուք գոնե վստա՞հ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «ոչ» է ասում բարեփոխումներին եւ պատրաստ է Արա Աբրահամյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ հերթական հրաշալի եռյակը կազմել: Վերջապես՝ տարօրինակ չէ՞, արդյոք, երբ «միմիայն միավորված ուժերով եւ անշահախնդիր, հետեւողական պայքար»-ի կոչ է հնչեցնում սեփական կուսակցությունում պատվավոր նախագահի վերածվող Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ոչ»-ի ճակատում, կասե՞ք իմանանք՝ ո՞վ նրա զահլան ունի այդ նոր կարգավիճակում:



Մինչեւ բուն վերջաբանին անցնելը թույլ տվեք իմ խոնարհումը բերել հայ վերլուծական մտքի գիգանտների հետեւյալ մտքին եւս. «… սահմանադրության նախագծի դեմ պայքարին միացավ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում Արա Աբրահամյանը 2013թ. տարավ Մոսկվա՝ հայ ժողովրդին հաղթանակ բերելու համար»: Ամեն ինչ շատ ճիշտ է: 2013-ին Արա Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ ուժերով բերեցին այդ հաղթանակը… Մնում է պարզել միայն՝ ո՞ւմ:



Այսուհանդերձ, ստիպված ենք սպասել Արթուր Բաղդասարյանի մոսկովյան այցի արդյունքներին, Արա Աբրահամյանի շռնդալից բեմելին եւ այս երկուսի գաղափարական առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ գործողություններին: Ի՞նչ կստացվի այս եռյակից, դժվար է ասել, բայց որ մեր վերլուծաբաններն ասում են, նշանակում է, իրենց երեւակայությունից բացի, երեւի, մի բան գիտեն:



Հույսը լավ բան է, եւ թող, ինչպես միշտ, այս անգամ էլ նա վերջինը մեռնի: