«Տիտանիկը» խորտակած սառցաբեկորի լուսանկարը կհանվի աճուրդի

«Տիտանիկը» խորտակած սառցաբեկորի լուսանկարը կհանվի աճուրդի

«Տիտանիկ» նավի նավաբեկությունից 1 դար անց ի հայտ է եկել այն չարաբաստիկ սառցաբեկորի լուսանկարը, որը դարձել էր ողբերգության պատճառ։

Ինչպես նշում է The Telegraph-ը, լուսանկարի հեղինակն է գերմանացի Մ. Լինոնվալդը, որը որպես ավագ մատուցող է աշխատել գերմանական Prinz Adalbert նավի վրա, որը նավաբեկության օրն անցել է այդ նույն վայրով` սառցաբեկորի կողքով։

«Երբ մենք անցանք այդ վայրով ու տեսանք տարօրինակ կարմրավուն գագաթով սառցաբեկորը, դեռևս ոչինչ չգիտեինք «Տիտանիկի» ողբերգության մասին։ Մեզ անչափ զարմացրեց սառցաբեկորի կարմրավուն գույնը, որը, ինչպես պարզվեց հատագայում, առաջացել էր կարմիր ներկված նավի հետ բախումից»,- գրել է մատուցողը։

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ լուսանկարն ու գրառումը շուտով կհանվեն աճուրդի. ըստ մասնագետների՝ նմուշները միասին կվաճառվեն 25.000-35.000 դոլարով։

Հիշեցնենք, որ «Տիտանիկը» խորտակվել է 1912թ.` իր անդրանիկ ճամփորդության ընթացքում` դառնալով 1.523 մարդու մահվան պատճառ։