Երբ պետք է՝ ընկեր է, երբ պետք է՝ թշնամի

Երբ պետք է՝ ընկեր է, երբ պետք է՝ թշնամի

Խորհրդարանի միջանցքում երեկ միմյանց դեմ դուրս եկան Խաչատուր Քոքոբելյանն ու Սամվել Ֆարմանյանը, որը ռեալիթի շոուի շրջանակներում նախորդ օրը Գյումրու թատրոնի շենքում թեժ վեճ էր ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի հետ, ասելով. «Տո դու ի՞նչ ընդդիմություն, արա, քո կուսակցության ղեկավարը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն ա, որին պատկանում է «Արթիկ տուֆը»»՝ նկատի ունենալով հենց Խաչատուր Քոքոբելյանին:



Սպասվում էր, որ նրանց հանդիպումը նույնքան թեժ է լինելու, սակայն նրանք իրար մոտեցան եւ ուժեղ ողջագուրվեցին: Համբուրելո՞վ եք մատնում Քոքոբելյանին, հարցրինք Ֆարմանյանին: «Մատնիչներին փնտրեք այլ շարքերում, պարոն Քոքոբելյանի հետ մենք վաղեմի ընկերներ ենք, ես իրեն շատ հարգում եմ` իր անցած ճանապարհը, հայացքները. հարցրեք այդ մասին պարոն Քոքոբելյանին»:



Ճշմարտությո՞ւնն է բարբառում, պարոն Քոքոբելյան, հարցրինք օպոնենտին: «Որեւիցե խնդիր չկա»,- ասաց Քոքոբելյանը: Նեղացած չե՞ք: «Ո՛չ»:



Պարոն Ֆարմանյան, իսկ կարո՞ղ է ձեզ հետ էն պատմությունն է, որ Արշակ 2-րդի ոտքերի տակ սեփական հայրենիքի հող են լցնում, նա սպառնում է Շապուհ արքային, իսկ երբ պարսկական հողի վրա էր` սիրո ու հավատարմության խոսքեր էր մրմնջում Շապուհին: «Էն, որ ես Գյումրիում ինձ շատ ուժեղ եմ զգում, ինչպես Երեւանում ու մեր հայրենիքի որեւէ անկյունում, այդպես է, պարզապես հարցն այն է, որ քաղաքական դեբատների ժամանակ լինում են իրավիճակներ, որ ինչ-որ մեկն իրեն ոչ ադեկվատ է պահում, հետեւաբար, ստանում է նույնքան ոչ ադեկվատ պատասխան, ինչը կարող է եւ ցանկալի չլինել։ Իսկ մենք, այո, պարոն Քոքոբելյանի հետ լավ ընկերներ ենք, եւ էն մարդիկ, ովքեր այս թեմայով խիստ մտահոգված են, ասեք, թող հանգիստ քնեն` լիուլի, մենք չենք ուրախացնելու իրենց»: