Վերջում քիչ խոսեք, լավ չե՞ք հասկանում. Վարչապետը բարկացավ Արփինե Հովհաննիսյանին չլսողների վրա

Վերջում քիչ խոսեք, լավ չե՞ք հասկանում. Վարչապետը բարկացավ Արփինե Հովհաննիսյանին չլսողների վրա

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր՝  նոյեմբերի 19-ին, Կառավարության նիստում առաջարկեց մերժել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը՝ ընտրական տեղամասերը Հայաստանի օրհներգով բացելու եւ փակելու վերաբերյալ:



Առարկությունը հետեւյալն է՝ «ՀՀ Օրհներգի մասին» օրենքը սահմանում է, որ այն պետք է հնչի առավել կարեւոր իրադարձությունների ժամանակ, երբ ներկա են երկրի առաջին դեմքերը, այլ պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան հյուրեր, իսկ տեղամասային կենտրոնների բացումը նման դեպքերից չէ: Դրանից բացի՝ տեղամասային կենտրոնները բացվում են ժամը 8.00-ին եւ փակվում 20.00-ին, իսկ ընտրատարածքային հանձնաժողովները սկսում են իրենց աշխատանքը ժամը 07.00-ին, իսկ 20.00-ից հետո բոլոր տեղամասերում և հանձնաժողովներում դեռ ձայների հաշվարկ է կատարվում, իսկ այդքան անգամ հիմն հնչեցնելն աննպատակահարմար է:



Մյուս նախագծով Արփինե Հովհաննիսյանը առաջարկեց 20 միավորով ավելացնել ԴԱՀԿ-ի ծառայողական մեքենաները: Այժմ ԴԱՀԿ-ն տրամադրության տակ ունի 34 մեքենա, ինչը բավարար չէ եւ, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, վերջին շրջանում ԴԱՀԿ-ի ծանրաբեռնվածությունը 6 անգամ ավելացել է: Ըստ նրա ՝ ԴԱՀԿ աշխատողների աշխատանքը ծախսատար է, եւ այդ մեքենաները ոչ թե մեկ անձին է տրամադրվում, այլ հատկացվում են ծառայությանը արդյունավետ գործելու համար։ 



Նա վստահեցրեց, որ սա նպատակահարմար ծախս է, իսկ Կառավարությունը հավատաց ու հաստատեց: Նիստի ժամանակ վարչապետը բարկացավ այն նախարարների վրա, ովքեր լավ չէին լսում Արփինե Հովհաննիսյանին ու կոպիտ դիտողություն արեց․ «Վերջում քիչ խոսեք, լավ չե՞ք հասկանում»: