Նման դեպքերում դեղ ընդունեք. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Նման դեպքերում դեղ ընդունեք. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Կառավարությունն ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Այս պահին քննարկվում է ԵՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման եւ ներմուծման մասին արձանագրությունը վավերացնելու հարցը: 



«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր ելույթում հիշեցրեց Հանրապետական պատգամավորների մեկ տարի առաջ ելույթներն այն մասին, որ ԵՏՄ անդամակցությունը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից, եւ հատկապես, այդպիսով մենք լուծելու ենք մեր արտաքին անվտանգության հարցը: Պատգամավորը նկատեց սակայն, որ մեկ տարի անց արտաքին խնդիրները ոչ միայն առկա են ու սպառնում են մեր պետականությանը, այլեւ ԵՏՄ անդամակցությունը տապալում է Հայաստանի տնտեսությունը: Պատգամավորը փաստեց աշխարհում նավթի գների անկումը եւ հիշեցրեց, որ Ռուսաստանի տնտեսության վրա դա մեծ ազդեցություն է ունենալու, մեզ վրա՝  նույնպես. «Այս ամենից բացի Սերժ Սարգսյանը եւս մեկ ցնցում է պատրաստել մեր երկու պետականությունների վրա՝  համապետական միջոցառում, որի ժամանակ պետք է անցկացնի մի փաստաթուղթ, որով ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը»,-ասաց Փոստանջյանը՝ նկատի ունենալով սահմանադրական փոփոխությունները:



Փոստանջյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ ահազանգեր են ստացել, որ ՏԻՄ համայնքներում Հանրապետական հանձնաժողովականները ճնշումներ են գործադրում քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, որպեսզի ըստ նրա կեղծեն ընտրությունները.«Սիրելի հայրենակիցներ, որպեսզի մենք կարողանանք այս բիրտ ուժին դիմակայել, թույլ չտալ եւս մեկ անգամ ընտրությունների միջոցով կեղծեն դրա արդյունքները, մենք չպետք է հասնենք այդ ընտրության օրվան՝ դեկտեմբերի 6-ին, այլ մինչեւ այդ սկսենք անհնազանդության գործընթաց, որի միջոցով կհեռացնենք Սերժ Սարգսյանին ու այս ապօրինի իշխանություններին: Դեկտեմբերի 1-ից եկեք Ազատության հրապարակից սկսենք այդ գործողությունները, որովհետեւ անհնազանդության գործողությունները ամենաարդյունավետն են այս պարագայում, երբ բիրտ ուժ է, չես ենթարկվում ապօրինի օրենքներին, ավելի ես ուժեղանում եւ բիրտ ուժը թուլանում է, դու նրա թույլ տեղին ես խփում: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ արագաչափերն ու տեսախցիկները պատկանում են Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքին: Դուք կարող եք հրաժարվել հարկերի վճարումից, այդ տուգանքներից, կարմիր գծերի գումարներից, որն անմիջապես գնում է Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը»:



Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը տապալել է թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, հիշեցրեց, որ արդեն ՀՀԿ-ականներն են բարձրաձայնում Ղարաբաղի տարածների հանձնման մասին: «Ամոթ է» տեղից բացականչեցին դահլիճից: Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց.«Ամոթը Ձեզ , որ Սերժ Սարգսյանի թիմին եք անդամագրվել ու նպաստում եք այս խայտառակությանը, այս արտագաղթին: Էստեղ հարցեր ենք քննարկում, բայց հազարավոր մարդիկ հաց չունեն ուտելու»:



Ի դեպ, Փոստանջյանի ողջ ելույթի ընթացքում դահլիճից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորում էին անջատել խոսափողը, բայց Գրիգորիչն անվրդով կրկնում էր. «Ոչինչ հումոր է անում, իմ դուրը գալիս է», իսկ ելույթից հետո ասաց.«Նման դեպքերում դեղ ընդունեք: Եթե պատգամավորները համաձայնվեն ձեր ելույթներն ամեն անգամ ֆոնոգրամայով կդնենք, մեկ է, միշտ նույն բանն եք ասում»: