Անակնկալներ ենք խոստանում. Իշխանություններին հաջորդ «Կարմիր քարտը» ցույց կտան նոյեմբերի 30-ին

Անակնկալներ ենք խոստանում. Իշխանություններին հաջորդ «Կարմիր քարտը» ցույց կտան նոյեմբերի 30-ին

Երեկ մոտ 30 երիտասարդներ «Կարմիր քարտ» շարժումն էին նախաձեռնել, որի ժամանակ նամակներ հանձնեցին ՀՀ կառավարություն, ԱԺ եւ նախագահի նստավայր՝ պահանջելով էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի եւ բենզինի գների իջեցում։



«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամ Փայլակ Թևանյանը
Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ իրենց ակցիան ծառայեց իր նպատակին։
«Մենք ուզում էինք մեր պահանջները ներկայացնել և նամակի տեսքով հանձնել ՀՀ կառավարություն, ԱԺ և Բաղրամյան 26։ Եվ մենք հասանք մեր նպատակին։ Ինչպես նաև փոքր դրվագներով փորձեցինք ցույց տալ, թե ինչեր կարող են լինել հետագայում, եթե պատկան մարմինները ընթացք չտան գործին»,-  ասաց Փայլակ Թևանյանը։



Նշենք, որ «Կարմիր քարտ» նախաձեռնության համար փորձում էին խոչընդոտներ ստեղծել ոստիկանները, ինչպես նաև ՀՀԿ-ական հայտնի տատին։ Ակտիվիստը նշեց, որ ոստիկանները պարզապես իրավասու չէին խոչընդոտելու իրենց քաղաքացիական նախաձեռնությունն՝ առանց որևէ հիմնավորմամբ և օրենքին հղում տալով։
«Ըստ ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացին ցանկացած վայրում իրավունք ունի իրականանցել հավաք-երթ, եթե այդ ամենը տեղի չի ունենում ռազմավարական նշանակություն հանդիսացող օբյեկտի մոտ։ Կարծում եմ, որ փողոցը ռազմավարական նշանակության օբյեկտ չի հանդիսանում»,- այս մասին ընդգծեց Փայլակ Թևանյանը՝ հավելելով, որ որևէ նշանակություն չունի, որ իրենք 30 հոգով էին, և որ իրենց ձայնը փողոցից ավելի լսելի կլիներ, քան մայթերից, քանի որ իրազեկման երթ էին անցկացնում։



«Կարմիր քարտ» շարժման հաջորդ հավաքը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում։ «Ազատության հրապարակում մենք կհստակեցնենք մեր հետագա անելիքները, կարդալու ենք բոլոր փաստերը, մանրամասներ ենք տեղեկացնելու մեր գործունեության մասին։ Մինչև այդ եթե մեր պահանջի պատասխանները չստանանք, կամ ստանանք թերի և մեզ չբավարարող՝ մեր պահանջը կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունների միջոցով, փողոցներ փակելով։ Կախված մեր ռեսուրսների քանակից՝ խոստանում ենք իշխանության համար մի շարք անակնկալներ»,- իր խոսքը եզրափակեց «Կարմիր քարտ» շարժման ակտիվ անդամներից Փայլակ Թևանյանը։



Նունե Խաչատրյան